Հայաստան-ԵՄ վիզայի ազատականացման գործընթացի քաղաքական փուլն ավարտվել է, սկսվել է տեխնիկական փուլը

13.11.2025, 14:17
ՀՀ-ի համար ԵՄ մուտքի վիզաների ազատականացման գործընթացի քաղաքական փուլն ավարտվել է, սկսվել է տեխնիկական փուլը, ասել է  ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը
Հայաստան-ԵՄ վիզայի ազատականացման գործընթացի քաղաքական փուլն ավարտվել է,  սկսվել է տեխնիկական փուլը

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. ԵՄ վիզաների ազատականացման փուլում մենք հասել ենք մի այնպիսի կետի, երբ կարող ենք համարել, որ քաղաքական հատվածն ավարտված Է, հայտարարել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նոյեմբերի 5-ին Եվրոպական հանձնաժողովը պաշտոնապես ներկայացրել է «ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզայի ազատականացման գործողությունների ծրագիրը»։

Նա հայտնել է, որ Հայաստանին ներկայացվել է 74 կետ ունեցող պարտադիր կատարման փաստաթուղթ, որը կատարելուց հետո տեղի կունենա վիզաների ազատականացումը։

«Շատ հստակ է ամեն ինչ․ այս պահից սկսած մենք ունենք մեր առջև «ճանապարհային քարտեզ», ավելի ճիշտ՝ դեռ ունենք գործողությունների ծրագիր, մենք դա կառավարության ջանքերով տարբեր գերատեսչությունների կվերածենք, կտեղայնացնենք և կբաժանենք գործառույթներն ըստ լիազորությունների տիրույթների», - ասել է ՄՔԾ պետը։

Դավթյանը հայտնել է, որ 74 կետերից գերակշիռ մեծամասնությունը արդեն ընթացքի մեջ գտնվող գործողություններ են, և գրեթե չկա գործողություն, որը Հայաստանը պետք է սկսի անել զրոյից։

Նրա խոսքով՝ ամբողջ գործողությունների ծրագիրը մեր կառավարության հանձնառությունն է, և այստեղ չկան այնպիսի կետեր, որոնք ստիպված պետք է կատարենք։

«Դրանք փաստաթղթերն են՝ ներառյալ կենսաչափական տվյալներ (անձնագրեր և նույնականացման քարտեր), սահմանների կառավարումն է՝ ներառյալ միգրացիոն կառավարում և ապաստանի տրամադրում, հասարակական կարգն է՝ թմրամիջոցներ, թրաֆիկինգ , հանցավորության կանխարգելում, հակակոռուպցիոն գործունեություն, և չորրորդը՝ մարդու իրավունքներն են», - հայտնել է Դավթյանը։

Ծառայության ղեկավարը նաև անդրադարձել է այն քաղաքացիների սպասելիքներին, որոնք պատրաստվում են մեկնել ԵՄ երկրներ՝ մշտական ​​բնակության կամ աշխատելու նպատակով՝ նշելով, որ շատ ուղիղ պահանջ կա դրված նրանց իրազեկելու։

«Մեր քաղաքացիների ապաստանի դիմումների ճնշող մեծամասնությունը կեղծ դեպքեր են. այսինքն՝ նրանք պարզապես հորինում են պատմություններ՝ ցույց տալու համար, որ Հայաստանում մարդու իրավունքները, իբր, խախտվում են, և, բնականաբար, մերժվում են», - ասել է Դավթյանը։

Նրա խոսքով՝ այժմ այդ թիվը 4500-5200- ի շեմում է, և չպետք է թույլ տրվի, որ դա ավելանա։

«Հակառակը՝ պետք է նպաստենք, որ նվազի»,-ասել է նա՝ հայտնելով, որ թվի մեծացումը կարող է հանգեցնել վիզաների ազատականացման գործընթացի դադարեցմանը։

Դավթյանը հատնել է նաև, որ ազատականացումը բերելու է միայն C տեսակի վիզաների չեղարկման, ինչը նշանակում է՝ քաղաքացիները 180 օրվա ընթացքում լեգալ հիմքերով կարող են լինել Եվրոպական երկրներում 90 օր՝ տարեկան 2 անգամ։

Հայաստան-ԵՄ վիզայի ազատականացման մասին

Ներկայումս ՀՀ-ն միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն իրականացնում է վիզայի ազատականացման գործընթաց։

Ավելի վաղ ՆԳՆ նախարար Արփինե Հովհաննիսյանն ընդգծել է, որ Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը դիտարկում է որպես քաղաքացիների շարժունակության և հանրային անվտանգության ոլորտներում բարեփոխումների ռազմավարական փաստաթուղթ։

Առաջին քայլը կենսաչափական համակարգի ներդրումն է, մասնավորապես՝ նոր կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը։ Ըստ ժամանակացույցի՝ դրանց տրամադրումը կսկսվի 2026 թ.-ի երկրորդ կեսին։

Մրցույթը հաղթած ֆրանսիական IDEMIA Identity Security France և A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումը ստեղծում է անհրաժեշտ ենթակառուցվածքները։

2025 թ.-ի ապրիլին Հայաստանը պայմանագիր է կնքել այս կոնսորցիումի կողմից ստեղծված HAYPASS ընկերության հետ, որը անմիջականորեն պատասխանատու կլինի Հայաստանում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգի ներդրման համար։