ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ կառավարությունն ընդունել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումը, որի շահառու կարող են դառնալ մասնավոր հատվածի առավել տուժած ոլորտների վարձու աշխատակիցները, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները և անհատ ձեռնարկատերերը: Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն աշխատավարձի չափով: Այս մասին հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը։
Կառավարության սահմանած ցանկում ներառվել են հետևյալ ոլորտները՝
1. հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ.
2. հանրային սննդի ծառայություններ.
3. զբոսաշրջային ծառայություններ.
4. նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ).
5. սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ).
6. զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն.
7. կինոթատրոնների գործունեություն.
8. լուսանկարչության բնագավառում գործունեություն.
9. ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ.
10. կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում.
11. ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն.
12. խաղատների գործունեություն:
Վարձու աշխատողները, այդ թվում՝ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները, շահառու են հանդիսանում այն դեպքում, եթե 2020 թ.-ի մարտի 1-ից մինչև հունիսի 15-ը ընկած ժամանակահատվածում առնվազն 1 օր աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ են գտնվել տուժած ոլորտի գործատուի հետ, անգամ, եթե 2020 թ.-ի հունիսի 15-ի դրությամբ գործատուն լուծարվել է կամ դադարեցրել գործունեությունը։
Անհատ ձեռնարկատերերը շահառու են հանդիսանում այն պարագայում, եթե 2020 թ.-ին գործունեություն են ծավալել տուժած ոլորտում: Անհատ ձեռնարկատերերը շահառու են հանդիսանում՝ անկախ 2020 թ.-ի 1-ին եռամսյակում իրացման շրջանառության չափից։
Աջակցությունը նշանակում և վճարում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը՝ շահառուի կողմից https://dimum.ssa.am/ կայքին էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա։
Աջակցությունը վճարվում է բացառապես շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով:
Загружается новость ... "Лево"
«Շահառուների վերաբերյալ տեղեկատվությունը Պետական եկամուտների կոմիտեն ՍԱԾ-ին տրամադրում է՝ հիմք ընդունելով 2020 թ.-ի հունիսի 15-ի դրությամբ ներկայացված՝ վերջին հարկային հաշվարկում արտացոլված տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի կոդը և գործունեության տեսակների տեսակարար կշիռը: Ծառայությունը, առցանց ռեժիմում ճշտում է շահառույի կողմից ներկայացված տվյալների հավաստիությունը (համապատասխանությունը բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին) և շահառուի տվյալների առկայությունը ՊԵԿ-ի կողմից տրամադրված ցանկում։
Շահառուի տվյալները բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին համապատասխանելու դեպքում՝ ՍԱԾ-ն հաշվառում կամ մերժում է էլեկտրոնային դիմումը։ Դիմումը մերժելու դեպքում՝ շահառուի էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվում է համապատասխան էլեկտրոնային հաղորդագրություն։
Այս ծրագրի շրջանակներում աջակցություն ստանալու համար դիմումները կընդունվեն հունիսի 22-ից հետո»,- նշվում է հաղորդագրության մեջ։-0-