Հայացք հիվանդանոցի ներսից. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COVID-19-ով հիվանդների ապաքինման ընթացքի մասին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Facebook-յան էջում հրապարակել է տեսանյութ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների ընթացքի մասին:
«Մեր հայրենակիցների ապաքինման ընթացքը. հայացք հիվանդանոցի ներսից»,- նշել է վարչապետը՝ տեսանյութը հրապարակելուն կից:
Տեսանյութում կորոնավիրուսով հիվանդները պատմում են իրենց հիվանդության ընթացքի մասին, իսկ բժիշկները հորդորում բնակչությանը մնալ տանը և պահպանել մեկուսացումը:
«Ինձ շատ ծանր վիճակով հասցրել են հիվանդանոց, այսօր արդեն 7-րդ օրն է, շատ առողջ եմ արդեն, մի խոսքով այնքան հոգատարություն են ցուցաբերում, ոնցոր մարդ իրա ընտանիքում լինի»,- ասում է հիվանդներից մեկը տեսանյութում:
«Միգուցե այս մեր չարչարանքն էլ այն բանի համար է, որ ուրիշների համար սթափվելու մի ահազանգ լինի, որպեսզի մարդիկ գիտակցեն, ավելի ըմբռնումով մոտենան այս իրավիճակին»,- նշել է մյուս հիվանդներից մեկը:
Մեկ այլ բժշկուհի պատմում էր, որ արդեն 20 օր է, ինչ տանը չի եղել, և կարոտել է իր հարազատներին:
Հայաստանում մայիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2148 դեպք, որոնցից 977-ն` առողջացած, 33-ը` մահվան ելքով:-0-

