Գեղեցկության սրահներ, սուպերմարկետներ, դեղատներ. ՀՀ-ում կասեցվել է 932 տնտեսվարողի գործունեություն

27.05.2020, 23:48
Գեղեցկության սրահներ, սուպերմարկետներ, դեղատներ. ՀՀ-ում կասեցվել է 932 տնտեսվարողի գործունեություն

Գեղեցկության սրահներ, սուպերմարկետներ, դեղատներ. ՀՀ-ում կասեցվել է 932 տնտեսվարողի գործունեություն

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լայնածավալ մշտադիտարկումները ողջ հանրապետությամբ շարունակվում են։ Կորոնավիրուսի (Covid19) տարածումը կանխելու նպատակով հաստատված կանոնների խախտումները ներկայացվում են պարետին, ու դրանց հիմքով կայացվում է տնտեսվարողի գործունեության 24-ժամյա կասեցման որոշում։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը

Загружается новость ... "Лево"

«Մայիսի 26-ի դրությամբ՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած խախտումների հիմքով ՀՀ պարետի կողմից կասեցման որոշումների թիվը 932 է։ Նշվածից 352 կասեցումը վերջին 7 օրում է իրականացվել։ Եվս 109-ի մոտ արձանագրված խախտումների հիմքով պարետին ներկայացվել է կասեցման միջնորդություն»,- նշվում է հայտարարության մեջ:

Տեսչական մարմնի լայնածավալ աշխատանքի շրջանակում՝ արտակարգ դրության շրջանում Երևանում և մարզերում մշտադիտարկվել է շուրջ 4103 տնտեսվարողի գործունեություն։ Ընդ որում, ուժեղացված վերահսկողական աշխատանքների շրջանակում միայն մայիսի 26-ի իրականացվել է 234 դիտարկում։

«Վերջիններիս արդյունքում պարզ է դարձել, որ մայրաքաղաքի ծայրամասերում գործող տնտեսվարողների կողմից ավելի շատ է անտեսվում անվտանգության կանոնների պահպանումը, իսկ մարզերում կա անվտանգության նորմերի վերաբերյալ իրազեկման պակաս»,- նշվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ կասեցման ենթարկված տնտեսվարողների մեջ առավել մեծ թիվ են կազմում գեղեցկության սրահները, ստոմատոլոգիական կենտրոնները, մանրածախ առևտրի կետերն ու սուպերմարկետները։ Կասեցվածների թվում են նաև շինարարություններ, գրասենյակներ, դեղատներ և այլն։

Տնտեսվարողների իրազեկման ուղղությամբ ևս աշխատանք է տարվում։

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։ Մայիսի 14-ին կառավարությունը կրկին երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ:

 Ընդ որում մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ, որոնք հանվել են մայիսի 4-ից, իսկ արդեն մայիսի 18-ից վերականգնվել է հասարակական տրանսպորտի, մարզասրահների, մանկապարտեզների և հանրային սննդի կետերի աշխատանքը:

Հայաստանում մայիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7774 դեպք, որոնցից 3255-ն` առողջացած, 98-ը` մահվան ելքով: -0-