Գեղարքունիքում 2-րդ դասարանի երեխայի նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու նկատմամբ տնային կալանք է կիրառվել

09.10.2026, 16:25
Գեղարքունիքի Վարդաձորի համայնքի դպրոցի 2-րդ դասարանի երեխայի նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու նկատմամբ տնային կալանք է կիրառվել
Գեղարքունիքում 2-րդ դասարանի երեխայի նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու նկատմամբ տնային կալանք է կիրառվել

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Գեղարքունիքի Վարդաձորի համայնքի դպրոցի 2-րդ դասարանի երեխայի նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու նկատմամբ տնային կալանք է կիրառվել։

Այս մասին «Նովոստի–Արմենիա»–ին հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

«Քննիչը կալանքի միջնորդություն է ներկայացրել, դատարանը տնային կալանք է կիրառել» –հայտնեց Ավդալյանն՝ ի պատասխան այն հարցին, թե ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդաձոր համայնքի դպրոցում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու նկատմամբ ինչպիսի խափանման միջոց է կիրառվել։ 

Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում ուսուցչուհին բռնություն կիրառել 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 30-ին Վարդաձորի միջնակարգ դպրոցի ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ցուցափայտով հարվածել է աշակերտուհուն։ Երբ երեխան փախել է միջանցք, ուսուցչուհին, ըստ հաղորդման, ձեռքով հարվածել է նրան և քաշելով վերադարձրել դասասենյակ։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով։

Ուսուցչուհու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։