ՀՀ ԱԺ-ում քննարկվել են անհետ կորած և զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հինգշաբթի ՀՀ ԱԺ-ում քննարկվել են անհետ կորած և զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովման, սոցիալական աջակցության և իրավական կարգավիճակի հարցերը։
Ինչպես հայտնում է Հայաստանի Ազգային ժողովի մամուլի ծառայությունը, այս և այլ հումանիտար խնդիրներ բարձրացվել են ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի և խմբակցության պատգամավորների՝ զինծառայողների ծնողների ու հարազատների հետ հանդիպման ընթացքում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրները, զբաղվածության հարցերը և հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտությունը։
Անհետ կորած և զոհված զինծառայողների հարազատները հայտնել են, որ իրենց հուզող հարցերով բազմիցս դիմել են պատասխանատու պետական կառույցներին։
Հանդիպման մասնակիցներն ընդգծել են հումանիտար խնդիրները նաև միջազգային հարթակներում բարձրաձայնելու անհրաժեշտությունը։
Պատգամավորները հայտնել են ընտանիքների կողմից բարձրացված խնդիրները համակարգելու և իրենց լիազորությունների շրջանակում դրանց լուծմանը նպաստելու մտադրության մասին՝ օգտագործելով խորհրդարանական, օրենսդրական և միջազգային մեխանիզմները։
ԱԺ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ նման հանդիպումները նախատեսվում է անցկացնել պարբերաբար։

