Եթե նման ձևով շարունակվի, կսկսենք տնտեսական գործունեության տեսակներ բացելը. Ավինյան
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Այսօր կառավարության նիստի ժամանակ պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է տնտեսական և տեղաշարժի սահմանափակումներում սահմանված փոփոխությունները:
Հիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակ պարետատան պարետ Տիգրան Ավինյանի նոր որոշմամբ, փոփոխություններ և լրացումներ են կատարվել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ ՀՀ ողջ տարածքում ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումների կարգավորումներում, որոնք ուժի մեջ են մտել ապրիլի 22-ից՝ ժամը 23:59-ից:
«Ինչպես և խոստացել էինք փուլային տարբերակով կամաց-կամաց գնում ենք դեպի բացում»,- նշել է Ավինյանը՝ հավելելով, որ կորոնավիրուսով վարակակիրների շփման շրջանակի տեղորոշման համակարգը ավելի ու ավելի արդյոնավետ է աշխատում այս փուլում՝ փոխլրացնելով ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի աշխատանքը:
«Այս փուլում կարելի է ասել, որ դեռևս վիրուսի տարածման տենդենցը վերահսկելի է, և եթե նման ձևով շարունակվի, կրկին կշարունակենք տարբեր տնտտեսական գործունեության տեսակներ բացելը»,- նշել է Ավինյանը:
Մինչդեռ, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ հարևան Իրանում էլ սահմանափակումների թուլացումներ են տեղի ունենում: Ընդհանրապես, Եվրոպայում էլ գնում են սահմանափակումների թուլացման, բայց վստահ չեն, որ դա չի բերելու նոր բռնկումների:
Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։
Ապրիլի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1523 դեպք: Կորոնավիրուսից առողջացումների ընդհանուր թիվը հասել է 659-ի, փաստացի բուժվում է 840 մարդ: Մահացել է, ցավոք, 24 մարդ: -0-