Երևանում «Ոսկե բանալի» է շնորհվել տեղեկատվության ազատության համար

28.09.2016, 17:45
Չորեքշաբթի Երևանում 14-րդ անգամ տեղի ունեցավ տեղեկատվության ազատության համար շնորհվող «Ոսկե բանալի» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Երևանում «Ոսկե բանալի» է շնորհվել տեղեկատվության ազատության համար
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի Երևանում 14-րդ անգամ տեղի ունեցավ տեղեկատվության ազատության համար շնորհվող «Ոսկե բանալի» ամենամյա մրցանակաբաշխությունը:

Միջոցառումն անցկացվել է Տեղեկատվության ազատության կենտրոնի կողմից` ԵՄ «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմ խթանում» ծագրի շրջանակում:

Այս տարի ամենաբաց գերատեսչություն է ճանաչվել ՀՀ առողջապահության նախարարությունը: Բացի այդ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմ խթանում» միջազգային նախաձեռնության շրջանակում գործողությունների ծրագրի պարտավորությունների լավագույն կատարման համար մրցանակ է ստացել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Լավագույն տեղեկատվական պաշտոնական կայք է ճանաչվել Վայոց Ձորի տարածաշրջանային վարչության կայքը: Տեղեկատվություն ստանալու իրավունքն առավել ակտիվ օգտագործող լավագույն հասարակական կազմակերպություն է ճանաչվել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն:

Տեղեկատվության ազատության խնդիրները առավել հետևողական լուսաբանող ԶԼՄ է ճանաչվել «Ասպարեզ» թերթը, իսկ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը առավել ակտիվ օգտագործող լրագրող է ճանաչվել «Սիվիլնեթ» պարբերականի թղթակից Արման Սուլեյմանյանը:

Տեղեկատվության ազատության կենտրոնի 15-ամյա հոբելյանի կապակցությամբ հատուկ մրցանակ է շնորհվել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին:

Քանի որ միջոցառումը նվիրված էր նաև ընկերության հոբելյանին, Տեղեկատվության ազատության կենտրոնը որոշել էր «Ժանգոտ կողպեք» բացասական մրցանակի հաղթող չհայտարարել:

Ինչպես նշեց Կենտրոնի ղեկավար Լիանա Դոյդոյանը, «Ժանգոտ կողպեքն» օգնում է այն նվաճած գերատեսչություններին փոխել իրենց աշատանքի ոճը: «Օրինակ, Երևանի քաղաքապետարանը, որը մի քանի անգամ արժանացել է «Ժանգոտ կողպեք» մրցանակին, դրանից հետո սկսել է ավելի լավ աշխատել: Ես կոչ եմ անում բոլոր հաստատություններին, ինչպես նաև հայկական ԶԼՄ-ներին, ժամանակ առ ժամանակ օգտվել «տեղեկատվության ազատության մաին» օրենքից: Մենք, մեր հերթին, նույնպես աշխատում ենք այդ հարցի շուրջ, որպեսզի տարեցտարի վերացնենք այդ խնդիրները», - ասաց Դոյդոյանը:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն իր հերթին ընդգծեց, որ տեղեկատվության ազատությունը ժամանակակից աշխարհում այն հիմնաքարն է, որը ներկայացնում է երկրում ժողովրդավարության մակարդակը:


Հայաստանում ԵՄ պատվիրակության գործող ղեկավար Դիկ Լորենցը նշեց, որ նրանք ուրախ են աջակցել միջոցառնման անցկացմանը, քանի որ տեղեկատվության ազատությունը հիմնական իրավունքներից մեկն է, որն օգնում է ժողովրդավարական երկիր կառուցել: -0-