Երևանում ձերբակալել են ընդդիմադիր քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանին
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանում ձերբակալել են ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանին։
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում նախորդ օրն ուշ երեկոյան Քննչական կոմիտեի մուտքի մոտ դիմակավորված ԱԱԾ աշխատակիցները Թևանյանին են ներկայացնում ձերբակալման որոշումը, որից հետո ձեռնաշղթաներ են հագցնում։
Նախքան ՔԿ մտնելը Թևանյանը հայտարարել է, որ շարունակելու է քաղաքական պայքարը։ «Բոլորին կոչ եմ անում մասնակցել հունիսի 7-ի ընտրություններին՝ թուրք-ադրբեջանական օրակարգ իրականացնող իշխանություններին հեռացնելու համար»,- հայտարարել է նա։
Մայիսի 22-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել էր Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն ու նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու Դատախազության միջնորդությունները
Քրեական գործի մասին
Մայիսի 21-ին ՀՀ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Թևանյանի նկատմամբ՝ պետական դավաճանության (418-րդ հոդվածի 1-ին մաս) և լրտեսության (424-րդ հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով։
Քննչական կոմիտեի տվյալներով` 2021 թվականին «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր Ա.Թ.-ն (Անդրանիկ Թևանյան, խմբ․), հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, 622 հազար դոլարի դիմաց «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրենին է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության։

