ԵՊԲՀ-ի հիվանդանոցի տնօրենի և ևս 19 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի./Նովոստի-Արմենիա/. «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տնօրեն Արեն Բաբլումյանը և ևս 19 աշխատակիցներ այս պահին մեկուսացված են, նրանց մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այս մասին հաղորդում է NEWS.am-ը՝ հղում անելով ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանին։
«Ընդհանուր առմամբ մինչ օրս 90 նման դեպք է եղել, սակայն նրանցից 70–ն արդեն ապաքինվել և վերադարձել են աշխատանքի։ Բոլորը ժամկետները պահել են, մեկուսացված են եղել, որևէ վտանգ չկա այլ աշխատողների համար։ Տնօրենի մոտ երեկ է հաստատվել վիրուսը, այս պահին նա մեկուսացված է, վիճակը նորմալ է, երբ երկրորդ անգամ թեստի պատասխանը բացասական լինի, նոր կվերադառնա աշխատանքի»,- նշել է նա:
Դանիելյանի խոսքով, բուժաշխատողներից ովքեր ունեին ինքնամեկուսացման հնարավորություն, ինքնամեկուսացված են, սակայն համալսարանական հիվանդանոցում կա առանձնացված հատուկ տարածք, որ աշխատակիցները չունեն մեկուսացման համար համապատասխան պայմաններ, մեկուսացվում են այնտեղ։
Շուշան Դանիելյանն ընդգծել է, որ որևէ խնդիր չկա քաղաքացիներին սպասարկելու առումով, բոլոր կանոնները հիվանդանոցում պահպանված են։ -0-

