Էջմիածնի քաղաքապետը հորդորում է մնալ տանը և քաղաքից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում

14.03.2020, 15:45
Էջմիածնի քաղաքապետը հորդորում է մնալ տանը և քաղաքից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում
Էջմիածնի քաղաքապետը հորդորում է մնալ տանը և քաղաքից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի./Նովոստի-Արմենիա/. Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հորդորում է մնալ տանը և քաղաքից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Այս մասին նա գրառում է կատարել իր Facebook-յան էջում:

«Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի հաստատված դեպքերի աճը և դրանց համաճարակաբանական կապն Էջմիածնի հետ՝ հորդորում եմ զերծ մնալ Էջմիածին-Երևան (և հակառակը) անկանոն ուղևորափոխադրումներ իրականացվող մասնավոր տաքսի մեքենաների ծառայություններից օգտվելուց»,- հայտնել է նա:

Քաղաքապետը խնդրել է առհասարակ, մնալ տանը, քաղաքից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և սեփական մեքենաներով. եթե դա հնարավոր չէ՝ հանրային տրանսպորտով, քանի որ այն պարբերաբար ախտահանվում է:

«Եվս մեկ անգամ հորդորում եմ չօգտվել այնպիսի տաքսիներից, որոնց ախտահանված լինելու փաստը անհայտ է կամ խիստ կասկածելի և որտեղ ձեր կողքին նստում են անծանոթ մարդիկ»,- ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ ունենք կորոնավիրուսի դրական ևս 2 թեստ, որոնք համաճարակաբանորեն կապված են Էջմիածնի դեպքի հետ: 

Հայաստանում այս պահին գրանցվել է կորոնավիրուսի վարակման 15 դեպք։ Առաջինը գրանցվել էր մարտի 1–ի գիշերը, փետրվարի 28–ից Թեհրանից Երևան ժամանած ՀՀ 29–ամյա քաղաքացու կրկնակի թեստը տվել է դրական արդյունք։ 31 մարդ, ովքեր շփվել են հիվանդի հետ, մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։ Մարտի 11–ին կորոնավիրուս է ախտորոշվել ՀՀ երկու քաղաքացիների (45 և 27 տարեկան) և Իտալիայի 51–ամյա քաղաքացու մոտ, ովքեր վերադարձել են Իտալիայից։ Նրանցից մեկը ջերմում է և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, որի կապակցությամբ ստանում է ախտանշանային բուժում: Մեկուսացվել է 57 մարդ։ Այնուհետև մարտի 12-ին գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 2 դեպք: Նախօրեին` մարտի 13–ին, հայտնի դարձավ վարակման ևս 2 դեպքի մասին։–0–