Դաժան սպանության հետքերով. Վանաձորում ձերբակալվել է հետախուզման մեջ գտնվող մեղադրյալը (ՎԻԴԵՈ)

13.02.2019, 20:40
Հունվարի 15–ին Սպիտակում սպանություն է տեղի ունեցել։
Դաժան սպանության հետքերով. Վանաձորում ձերբակալվել է հետախուզման մեջ գտնվող մեղադրյալը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ԱԱԾ աշխատողները Վանաձորի Շիրակի խճուղու տներից մեկում հայտնաբերել ու ձերբակալել են հունվարի 15–ին Սպիտակում տեղի ունեցած սպանության կասկածյալին, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Հունվարի 15–ին ժամը 13։20–ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնից ոստիկանության տարածքային ստորաբաժանում էին հաղորդել, որ 41-ամյա մի տղամարդ է բուժհաստատություն տեղափոխվել։ Ախտորոշվել էր «որովայնի հրազենային վիրավորում, ագոնալ վիճակ, ձախ ականջի ամպուտացիա և աջ ականջի կտրած վերք»։ Հոսպիտալացված 41-ամյա Գարուշ Մարությանը գիտակցության չգալով մահացել էր:

Նույն օրը հրազենային վնասվածքով «Վանաձոր» բժշկական կենտրոն էր հոսպիտալացվել նաև 31-ամյա Կամո Քալաշյանը։

Загружается новость ... "Лево"

Ոստիկանության աշխատակիցները պարզել էին, որ դեպքը տեղի էր ունեցել Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող ԱՊՊԱ գրասենյակներից մեկում: Շուտով հայտնի դարձավ, որ տղամարդիկ հիվանդանոցներ էին տեղափոխվել նույն վայրից։ Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները գրասենյակն ու հարակից տարածքը մանրակրկիտ զննել էին, հայտնաբերել՝ արնանման հետքեր, հրազենի գնդակ և այլն։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ իրավապահները պարզեցին կատարվածի մի շարք հանգամանքներ, որոնց հիմնավորման արդյունքում՝ հրազենային վիրավորումով «Վանաձոր» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում ստացող Կամո Քալաշյանը սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվեց։ Հետագայում նրան մեղադրանք էր առաջադրվել և խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։

Սպիտակի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանականերում ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողներն իրականացրին տարաբնույթ հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ՝ բացահայտելով դեպքին առնչվող նոր փաստական հանգամանքներ։ Իրավապահները պարզեցին, որ հիվանդանոցում մահացած տղամարդու ուղղությամբ, բացի կալանավորվածից, կրակել էր նաև Աղասի Հովհաննիսյանը։ Դեպքից վեց օր անց՝ հունվարի 21-ին նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում էր կայացվել։ Հունվարի 22-ին էլ հայտարարվել էր հետախուզում, որպես խափանման միջոց ընտրվել էր կալանքը։

Փետրվարի լույս 12-ի գիշերը Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Վանաձորի Շիրակի խճուղու տներից մեկում հայտնաբերել ու ձերբակալել են Աղասի Հովհաննիսյանին։

Ազգային անվտանգության ծառայողների կողմից հայտնաբերված Աղասի Հովհաննիսյանը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ -0-