COVID-19-ի դեմ պայքարի առողջապահական համակարգին կմիանան Սպիտակի ու Վեդու ԲԿ-ն և Մարտունու ԲԿ-ի մեկ բաժանմունք. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական համակարգին կմիանան ևս երկու ԲԿ: Այս մասին Facebook-յան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական համակարգին մոտակա մի քանի օրերին կմիանան Սպիտակի ԲԿ-ն (100 մահճակալ), Վեդու ԲԿ-ն (100 մահճակալ) և Մարտունու ԲԿ մեկ բաժանմունք (35-40 մահճակալ): Հիշեցնեմ նաև, որ մինչ այժմ արդեն իսկ գործարկվել էր մոտ 2000 մահճակալ այս խնդրի համար»,- նշել է նա:
Նա նշել է մի կարևոր փաստ ևս. այսօր առաջին անգամ մեր նոր՝ Այրվածաքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա գործող տրիաժ կենտրոն ընդունված պացիենտներին համակարգչային տոմոգրաֆիա է արվել Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում (հայտնի, որպես Ֆիզիկայի ինստիտուտի ցիկլոտրոն):
«Ի դեպ, մոտ մեկ ամիս առաջ կառավարության նիստում առողջապահության նախարարից հետաքրքրվել էի, թե երբ կսկսի գործել պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆը, որը շատ անհրաժեշտ է մեր քաղցկեղ ունեցող քաղաքացիների համար և տեղադրված է հենց այս կենտրոնում։ Ուզում եմ տեղեկացնել, որ վերջինիս վերջնական գործարկման համար անհրաժեշտ պարագաները և նյութերը անցյալ շաբաթ ներկրվել են Հայաստան և մյուս շաբաթ այն ամբողջությամբ կգործարկվի՝ երկար տարիների պարապուրդից հետո։ Մեր քաղցկեղ ունեցող պացիենտները ՊԷՏ/ՀՏ համար այլևս ստիպված չեն լինի արտասահման մեկնել»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13130 դեպք, որոնցից 4014-ն` առողջացած, 200-ը` մահվան ելքով։–0–

