Կորոնավիրուսով վարակակիրն Էջմիածնում մասնակցել է նշանադրության. ընթանում են մեկուսացման աշխատանքներ. քաղաքապետ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի./Նովոստի-Արմենիա/. Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն այսօր Facebook-յան ուղիղ եթերում խոսել է քաղաքում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին:
«Ցանկանում եմ խոսել առկա իրավիճակի մասին և քաղաքում արձանագրված մեկ վարակակրի վիճակի մասին: Տեղեկություն է տարածվել, թե Էջմիածնում հարսանիքի ժամանակ կտրուկ վատացել է 3 մարդու ինքնազգացողությունը, նրանք դիմել են շտապօգնություն և նրանց մոտ պարզվել է կորոնավիրուս: Սա սուտ է: Կա ընդամենը մեկ վարակակիր»,- նշել է նա:
Անդրադառնալով Էջմնիածնի դեպքին՝ նա նշել է, որ տվյալ վարակակիրը կիրակի օրը մասնակցել է նշանադրեքի:
«Թերևս երեկ երեկոյան ամբողջ շրջանակը նշանդրեքի մասնակիցների, նրա հետ շփված անձանց հստակեցվել է և փոխանցվել է Առողջապահության նախարարություն: ԱՆ-ն զտել է մարդկանց, ովքեր շփում են ունեցել և կարող են պոտենցիալ վտանգի տակ լինել: Եվ տվյալ անձնանց այժմ տեղափոխում են մեկուսացման վայր, վայրի մասին թույլ տվեք չմանրամասնել»,- նշել է նա:
Քաղաքապետը քաղաքացիներին դիմելով նշել է, որ քաղաքում տիրող խուճապը, մասնավորապես այսուայնկողմ շտապող շտապօգնության մեքենաները և բոլոր միջացառումներն արվում են վարակակրի հետ շփված անձանց մեկուսացնելու համար՝ թեստավորելու և մնացած ստուգումներն անելու նպատակով:
«Վարակակիրն այս պահին մեկուսացված է և ստուգում է անցնում Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: Տանը չէ, այլ բուժում է ստանում: Նորմալ ինքնազգացողություն ունի, պարզապես բժշկական վերահսկողության տակ է»,- նշել է քաղաքապետը: -0-