Արցախում աչքի վիրավորում ստացած զինծառայողը վիրահատվել է. ԱՆ

30.04.2016, 22:28
Հակառակորդի հրետակոծության հետևանքով Արցախում աչքերի ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողներից մեկն այսօր վիրահատվել է:
Արցախում աչքի վիրավորում ստացած զինծառայողը վիրահատվել է. ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հակառակորդի հրետակոծության հետևանքով Արցախում աչքերի ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողներից մեկն այսօր վիրահատվել է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Արցախում քառօրյա ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է 125 հայ զինծառայող, որոնցից 87-ն արդեն դուրս են գրվել: Այս պահին ծանր վիճակում են մնում վեց զինծառայողներ, երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

«Վիրավորը հրազենային վնասվածք է ստացել, կատարվել է աջ աչքի ռեկոնստրուկտիվ վիրահատություն, հեռացվել են ներակնային օտար մարմինները, մնացորդային հյուսվածքները: Աջ աչքի վիճակը ծանր էր, բայց հուսալի»,- նշել է ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը` հավաստիացնելով հիվանդանոց այցելած ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին:

Մալայանն ավելացրել է, որ մասնագետները ջանք չեն խնայի վիրավորի տեսողությունը լավացնելու և վերականգնելու համար:

 - рис.1

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է ակնաբուժական կենտրոն և բժիշկների հետ քննարկել վիրահատված զինծառայողի բուժման հետագա մանրամասները:

Այնուհետև Արմեն Մուրադյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ մասնագետների հետ քննարկել է ծանր վիրավորների հետագա վերականգնողական բուժման ընթացքը, ինչպես նաև անհրաժեշտ դեղերով և բժշկական նշանակության պարագաներով ապահովվածության հարցերը:

Նախարարը զրուցել է վիրավորների և նրանց հարազատների հետ` հավաստիացնելով, որ ապաքինման գործընթացն իր ամենօրյա ուշադրության կենտրոնում է:-0-