Արարատ Միրզոյանը կոչ է արել ԱԺ պատգամավորներին աշխատել առցանց

13.03.2020, 16:11
Արարատ Միրզոյանը կոչ է արել ԱԺ պատգամավորներին աշխատել առցանց
Արարատ Միրզոյանը կոչ է արել ԱԺ պատգամավորներին աշխատել առցանց
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կոչ է արել ԱԺ պատգամավորներին աշխատել առցանց ռեժիմով:

«Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու, առողջապահության համակարգի արդյունավետությանը նպաստելու և վարակը հաղթահարելու գործում կարևոր է յուրաքանչյուրիս մասնակցությունը։ Ուստի հորդորում եմ, որ ելնելով հանրային առողջության նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԺ պատգամավորները և աշխատակիցները հնարավորինս նվազեցնեն ֆիզիկական հաղորդակցությունն այլ անձանց հետ և իրենց աշխատանքային պարտականությունները կատարեն առցանց, իսկ վերջին երկու շաբաթվա ընթացքում գործուղման մեկնած կամ որևէ ռիսկային խմբի ներկայացուցչի հետ ֆիզիկական շփումներ ունեցած գործընկերները ժամանակավորապես հնարավորինս ինքնամեկուսանան»,- նշել է Արարատ Միրզոյանը Facebook-յան էջում տարածած իր հաղորդագրության մեջ։

ԱԺ նախագահը կոչ է արել նաև խստորեն հետևել Առողջապահության նախարարության ցուցումներին, հաճախակի ախտահանել ձեռքերը և ձեռքերով հաճախ հպվող առարկաները, խուսափել դեմքին դիպչելուց, խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց։

«Միաժամանակ տեղեկացնում եմ, որ հաշվի առնելով մանկապարտեզներում և դպրոցներում դասապրոցեսի՝ վարակի կանխարգելմամբ պայմանավորված ժամանակավոր ոչ բնականոն ընթացքը, ԱԺ այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր մանկապարտեզ կամ տարրական դպրոց հաճախող երեխա ունեն և իրենք են հոգում այդ երեխայի խնամքը, աշխատանքային օրվա ընթացքում ողջախոհության սահմաններում կարճատև բացակայությունների համար կարգապահական տույժեր չեն կիրառվի»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Հայաստանում այս պահին գրանցվել է կորոնավիրուսով վարակի 8 դեպք։ Առաջինը գրանցվել էր մարտի 1–ի գիշերը, փետրվարի 28–ից Թեհրանից Երևան ժամանած ՀՀ 29–ամյա քաղաքացու կրկնակի թեստը տվել է դրական արդյունք։ 31 մարդ, ովքեր շփվել են հիվանդի հետ, մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։ Մարտի 11–ին կորոնավիրուս է ախտորոշվել ՀՀ երկու քաղաքացիների (45 և 27 տարեկան) և Իտալիայի 51–ամյա քաղաքացու մոտ, ովքեր վերադարձել են Իտալիայից։ Նրանցից մեկը ջերմում է և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, որի կապակցությամբ ստանում է ախտանշանային բուժում: Մեկուսացվել է 57 մարդ։ Այնուհետև մարտի 12-ին գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 2 դեպք, իսկ մարտի 13-ին հաստատվել է ևս 2 դեպք: -0-