ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները 2020 թվականի մայիսի 21-ից 26-ը, իրենց լիազորությունների շրջանակում, մշտադիտարկում են անցկացրել Երևան քաղաքի 55 նախադպրոցական ուսումնական հաստատություններում՝ հավաստիանալու, որ դրանցում պահպանվում են կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխարգելելու՝ ՀՀ պարետի որոշմամբ սահմանված անվտանգության կանոնները: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Загружается новость ... "Лево"
Մշտադիտարկման ընթացքում խախտումներ հայտնաբերվել են միայն 14 մանկապարտեզներում։
«Խախտումները եղել են հետևյալ բնույթի. ոչ բոլոր աշխատակիցներն են կրել ձեռնոցներ և դիմակներ, երեխաների և աշխատակիցների ջերմաչափման գրանցամատյանները բացակայել են կամ թերի են եղել, երեխաների քնի ժամանակ չի պահպանվել սահմանված սոցիալական հեռավորությունը, բացակայել են ախտահանության մասին գրառումները, խոհանոցներում, սանհանգույցներում բացակայել են մակնշված աղբամանները դիմակների և ձեռնոցների համար, իսկ մանկապարտեզներից մեկում լրացած են եղել աշխատակիցների մեծ մասի սանիտարական գրքույկների ժամկետները»,- նշվում է հայտարարության մեջ:
Մայիսի 26-27-ին Երևան քաղաքի 42 մանկապարտեզներում, իր լիազորությունների շրջանակում, վերահսկողություն է իրականացրել նաև Կրթության տեսչական մարմինը։
Այդ մանակապարտեզներում ժամանակավորապես չեղարկվել կամ հետաձգվել են նախադպրոցական կրթության ծրագրերի շրջանակներում նախատեսված խմբային միջոցառումները: Խաղերի և պարապմունքների ժամանակ նվազագույնի է հասցվել երեխաների միջև շփումը: Ավագ խմբերում իրականացվել են բացատրական դասընթացներ` կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ:
Ավան վարչական շրջանի մանկապարտեզներից մեկի տնօրենի դիմումի համաձայն՝ որոշվել է դադարեցնել նախադպրոցական հաստատության աշխատանքը՝ երեխաների չհաճախելու պատճառով։
Խախտումների մասին ամփոփ տեղեկատվությունը ներկայացվում է պարետատուն:
Վերահսկողական գործընթացը շարունակական է։
Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։ Մայիսի 14-ին կառավարությունը կրկին երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ:
Ընդ որում մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ, որոնք հանվել են մայիսի 4-ից, իսկ արդեն մայիսի 18-ից վերականգնվել է հասարակական տրանսպորտի, մարզասրահների, մանկապարտեզների և հանրային սննդի կետերը:
Մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8216 դեպք, որոնցից 3287-ն` առողջացած, 113-ը` մահվան ելքով: -0-