Մենք սկզբում կանխել ենք խուճապը, բայց չափից ավելի ենք կանխել.Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը ՀՀ-ում վերահսկելության շրջանակում է, չնայած մեկ օրվա ընթացքում գրանցվող հիվանդների թվի աճին: Այս մասին հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեկ օրվա տվյալներով, իհարկե, պետք չէ հետեւություն անել, բայց մենք տեմպի որոշակի աճի վտանգի առաջ ենք կանգնած՝ չնայած նախորդ օրը ունեինք տեմպի նվազում: Կարևոր է արձանագրել, որ մենք թեստավորման քանակները մեծացնում ենք, և դա ճիշտ մոտեցում է, մենք չենք ուզում հնարավորինս քիչ դեպք ախտորոշել: Կարող ենք ասել, որ դեռևս մեր իրավիճակը վերահսկելիության շրջանակում է»,- հայտնել է Փաշինյանը:
Փաշինյանն ընդգծել է, որ կա մի պրոբլեմ. գոյություն ունի երկու ծայրահեղություն՝ մեկը խուճապն է, որը անթույլատրելի է և դրա կարիքը չկա, երկրորդ ծայրահեղությունը համատարած հանգստությունն է համաճարակի տարածման հետ կապված:
«Մենք սկզբնական շրջանում կարողացանք կանխել խուճապային երևույթները, բայց ինչպես հասկանում եմ՝ չափից ավելի շատ ենք կանխել: Հիմա չենք կարողանում մեր հանրությանը հետ բերել ինչ-որ մի հավասարակշռված վիճակի: Երկրում տիրում է համատարած հանդարտություն ու հանգստություն: Իհարկե դա լավ է զուտ սոցիալ-հոգեբանական տեսանկյունից, բայց համաճարակային տեսակետից դա պրոբլեմ է, որովհետեւ հենց այս հանգստությունն է ստեղծում վտանգ, որ վարակի տեմպը կարող է ավելանա»,-ասաց Փաշինյանը:
Նա կոչ արեց բոլորին այդքան հանգիստ չվերաբերվել ստեղծված իրավիճակին.
«Սիրելի հայրենակիցներ, ես խնդրում եմ այդքան հանգիստ մի վերաբերվեք այս պրոբլեմին: Այսօր մեր հիվանդների 80 տոկոսն անգամ ջերմություն չունի, և եթե դա լիներ նախկինում մեզ հայտնի վարակ, օրինակ, գրիպ լիներ, մենք մեր այսօրվա հիվանդների 80 տոկոսին կասեինք՝ գնացեք տուն, թեյ խմեք, հեղուկ շատ օգտագործեք և վերջ: Հիմա էլ մեր հիվանդների 80 տոկոսին, ըստ էության, չենք բուժում, բայց պահում ենք, որովհետև եթե նրանք դուրս գան, կվարակեն այլ քաղաքացիների»:
Փաշինյանը նշել է, որ միակ բանը, որ նրանց նկատմամբ արվում է, դա կրկնակի թեստավորումն է, որը բացասակն լինելու դեպքում, նրանք ուղարկվում են տուն: Նա կոչ արեց պահպանել սահմանափակման կանոնները, որովհետև դրանք չպահելով առաջինը ռիսկի տակ ենք դնում մեր տարեց հայրենակիցներին, ովքեր ռիսկային խմբում են գտնվում:
Ապրիլի 2–ին ժամը 11–ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 92 նոր դեպք, ընդհանուր` 663 դեպք։ Բուժվել է 33 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 626 մարդ, բացասական թեստերի թիվը` 2940, մահացել է 4 մարդ։-0-

