Վիրահայերի կողմից Հայաստանին նվիրված թոքերի արհեստական օդափոխման 27 սարքերը հասան ՀՀ (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Թոքերի արհեստական օդափոխման 27 սարքերը Վրաստանից հասան Հայաստան: Սա թբիլիսաբնակ մի շարք հայերի, այդ թվում՝ գործարարների, հասարակական գործիչների նվերն է, ովքեր ցանկություն էին հայտնել իրենց աջակցությունն ունենալու մայր հայրենիքին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում, հաղորդում է aliq.ge-ն:
Հիշեցնենք, որ 2 օր առաջ թբիլիսաբնակ հայերի նախաձեռնությամբ թթվածնային 10 կոնցենտրատոր էր նվիրվել Հայաստանին:
Ավելի ուշ կազմակերպվեց հավելյալ 17 արհեստական շնչառության շարժական սարք ձեռք բերելու գործընթացը: Ժամեր անց դրանք, արդեն իսկ գնված 10-ի հետ միասին վրաց-հայկական սահմանում էին: Սահման հասցնելու գործը կազմակերպեց Վրաստանում ՀՀ դեսպանատունը:
Շնչառական սարքերը հայկական կողմում ընդունող Հայաստան համահայկական հիմնադրամի գործընկերների կողմից անմիջապես տարվելու են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: Կայքի տեղեկություններով դրանց մեծ մասը մնալու է Նորքի ինֆեկցիոնին, մի քանիսը տրամադրվելու են մարզերին:
Այսօր ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանն իր Facebook-յան էջում հայտնել է, որ թոքերի արհեստական օդափոխման սարքերը հասել են Նորք Ինֆեկցիոն հիվանդանոց:
«Նախորդ գիշեր Վրաստանից ուղարկված այս շնչառական սարքերը հասան Նորքի ինֆեկցիոն: Առողջապահության նախարարության գործընկերները ամենահուզիչ բանն ասացին. «Շնորհակալություն, ձեր ուղարկած սարքերով մարդիկ շնչում են»,- նշել է նա:-0-
