Վարդենիսի մեկուսացումը կրկին երկարաձգվել է. պարետի որոշում

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակ պարետատան պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ, ապրիլի 21–ից Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ներդրված սահմանափակումները երկարաձգվել են մինչև մայիսի 6–ը։
Սկզբում որոշման մեջ նշվում էր, որ սահմանափակումները գործելու են մինչև ապրիլի 28–ը, սակայն որոշման մեջ փոփոխություններ են կատարվել, ըստ որոնց այդ ժամկետը երկարաձգվեց սկզբում մինչև մայիսի 3–ը և հիմա` մինչև մայիսի 6–ը ժամը 23։59–ը։
Վարդենիսում սահմանվել է վարչական տարածք մուտքի և ելքի հատուկ ռեժիմ, արգելված է մարդկանց ու տրանսպորտային միջոցնդերի մուտքն ու ելքը քաղաքի տարածք, բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման։ Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրվել են հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Վարդենիս համայնքի վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով։–0–