Վանաձոր, Երևան, ավտոբուս. Փաշինյանն անձամբ սկսել է հրապարակել հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերի ֆոտոներ (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–յան իր էջում գրառում է կատարել` կոչ անելով քաղաքացիների հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերը տեսանկահարանել, լուսանկարահանել և ուղարկել իրեն։
«Սիրելի հայրենակիցներ. խնդրում եմ հակահամաճարակային կանոնների խախտման աղաղակող դեպքերը տեսանկարահանեք, լուսանկարահանեք և ուղարկեք իմ այս ֆեյսբուքյան էջին, հնարավորինս կոնկրետ և ճշգրիտ նշելով խախտման վայրը, ժամկետը, դրա հետ առնչություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց», – նշել է Փաշինյանը:
Նա արդեն մի քանի լուսանկար է հրապարակել, որտեղ պարզ երևում են հակահամաճարակային կանոնների խախտման դեպքեր։
«Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի աշխատողները տուն գնալիս։ Ահա թե ովքեր և ինչպես են ապահովում ռեկորդային թվեր Հայաստանի համար», – նշել է Փաշինյանն` ավելացնելով, որ Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկան պարետի որոշմամբ վաղը առավոտվանից կփակվի 72 ժամով:
Նա նաև մեկ այլ լուսանկար է հրապարակել Երևանի Մարգարյան փողոցից։
«Ըստ լուսանկարն ուղարկած օգտատիրոջ՝ այսօր, ժամը 11.00, Երևանի Մարգարյան փողոցի «Հայփոստի» բաժանմունք», – գրել է վարչապետը։
Նա նաև բազմաթիվ ուղևորներով ավտոբուսի լուսանկար է հրապարակել։
«Ըստ օգտատիրոջ, Երևանի 33 համարի ավտոբուսը երեկ ժամը 16:43-ին, Արշակունյաց պողոտայում», – գրել է վարչապետը։
«Սա արդեն հայտնի ուխտագնացության հայտնի տեսարաններից է. այս ընթացքում հարյուրավոր լուսանկարներ, տեսանյութեր եկան. չեմ հասցնում հետևել», – նշել է Փաշինյանը:–0–

