Ունենք ծանր պացիենտ, որը երիտասարդ է. Թորոսյանը ներկայացնում է կորոնավիրուսով վարակվածների առողջական վիճակը

30.03.2020, 13:34
Ունենք ծանր պացիենտ, որը երիտասարդ է. Թորոսյանը ներկայացնում է կորոնավիրուսով վարակվածների առողջական վիճակը
Ունենք ծանր պացիենտ, որը երիտասարդ է. Թորոսյանը ներկայացնում է կորոնավիրուսով վարակվածների առողջական վիճակը

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի./Նովոստի–Արմենիա/. Կորոնավիրուսով վարակված 482 հաստատված դեպքից 58-ը վերջին մեկ օրվա ընթացքում հաստատված դեպքերն են, այսօր կառավարության արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով, 58 դեպքերից 25-ն ի սկզբանե եղել են կարանտինում, և դա համաճարակաբանական տեսանկյունից շատ լավ է։

«31 հոգին, որոնց մեջ կա նաև բուժաշխատող, նորից այնպիսի անձինք են, որոնք ի սկզբանե կասկածելի գոտում են եղել: Այսինքն շփված են եղել հաստատված դեպքի հետ: Եվ միայն երկուսն են, որ նոր բերովի դեպքեր են արտերկրից, որոնց շփման շրջանակը պարզվում է», – նշեց նախարարը:

Նրա խոսքով, այս պահի դրությամբ ունենք 14 ծանր և մեկ ծայրահեղ ծանր պացիենտ։

Загружается новость ... "Лево"

«Չեմ ուզում, իհարկե, առաջ ընկնել դեպքերից, բայց կարող եմ ասել, որ ծայրահեղ ծանրը կդառնա ծանր, այսինքն բարելավում ունենք: Հնարավոր է ինտուբացիան դադարեցնենք, արհեստական օդափոխության սարքն անջատենք, և ինքնուրույն կշնչի: Եվս երկու ծանր դեպք գնահատում էինք, որ հնարավոր է կդառնան ծայրահեղ ծանր, մեր բժիշկների շնորհիվ կդադարեն համարվել ծանր եւ կտեղափոխվեն սովորական պալատ», – ասաց նախարարը:

Նրա խոսքով, ունենք նաև ծանր պացիենտ, որը երիտասարդ է, նա շուտով կդադարի լինել ծանր, կդառնա միջին և կապաքինվի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին անդրադարձավ կորոնավիրուսից մահվան երկու դեպքերին։

«Երկու պացիենտներն էլ ունեցել են շատ ծանր խրոնիկական հիվանդություններ: Նրանցից մեկն ունեցել է սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում: Երկրորդն ունեցել է էլի սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային հիպերտոնիա, սրտամկանի ինֆարկտից և ինսուլտից հետո առաջացած հետևանքներ: Այս կարգի քաղաքացիների նկատմամբ առանձնահատուկ ուշադրություն է պետք, որպեսզի նրանք հանկարծ չվարակվեն, որովհետև շատ մեծ ռիսկի դաշտում են հայտնվում և կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին առանձնակի ուշադիր լինեն մեր այս հայրենակիցների նկատմամբ», – նշեց ՀՀ վարչապետը:

Թորոսյանն իր հերթին տեղեկացրեց, որ կիրակի մոտ 150 մարդ մեկուսացումից դուրս է եկել հատուկ պահման վայրերում։–0–