ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել հայկական կողմին շարունակել համատեղ աշխատանքը՝ Ադրբեջանի հետ եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ։
«Եթե հայ գործընկերներն իսկապես շահագրգռված են նշված խնդիրները լուծել ամենաբարձր մակարդակով` եռակողմ համաձայնագրերի համապարփակ իրականացման հունով, ապա, սխոլաստիկայով զբաղվելու փոխարեն, անհրաժեշտ է շարունակել համատեղ աշխատանքը։ Խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունների համար հարթակ տրամադրելու ռուսական առաջարկը մնում է ուժի մեջ»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` ի պատասխան հայկական ԶԼՄ–ների հարցին։
Նա կարծում է, որ նույն հարցի շուրջ պաշտոնական Երևանի հայտարարությունները էապես տարբերվում են։
«Նշված ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետը խոսեց և՛ ռուսական առաջարկների հիման վրա փաստաթուղթը ստորագրելու մտադրության մասին, և՛ միևնույն ժամանակ Արևմուտքի կողմից առաջ քաշվող` հակամարտության «համապարփակ լուծման» նախապատվության մասին։ Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի մեկնաբանություններում մանրամասն ներկայացվել է ռուսական ջանքերի ժամանագրությունն ինչպես երկկողմ ձևաչափերում, այնպես էլ ղարաբաղյան խնդրի լուծման միջազգային մեխանիզմների շրջանակում, այդ թվում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների` 2022թ.–ի նոյեմբերի 9–ի հայտարարության և համընթաց եռակողմ պայմանավորվածությունների իրականացմամբ»,- հիշեցրել է Զախարովան։
Նրա խոսքով, Բաքվի հետ խաղաղության պայմանագիր մշակելիս Ալմա–Աթայի 1991թ.–ի հռչակագրի վրա հենվելու Երևանի համաձայնությունը, ինչն ամրագրվել է Պրահայում 2022թ.–ի հոկտեմբերին գագաթնաժողովի արդյունքում ընդունված հայտարարության մեջ, արմատապես փոխել է բանակցային գործընթացի տրամաբանությունը։
«Ալմա-Աթայի հռչակագրում հաստատված է սահմանների անխախտությունը, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության հանրապետությունների միջև։ Այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀ–ի մաս էր։ Անխոս, այս հանգամանքը շատ բարդ է անտեսել Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացում», – կարծում է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Զախարովան նաև հիշեցրել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը խաղաղության պայմանագրի շուրջ։
«Դրա համաձայնությունը տրվել է երկու երկրների ղեկավարների կողմից։ Դրա համար ամեն ինչ պատրաստվել էր: Բայց հենց Հայաստանի ղեկավարությունը վերջին պահին չեղարկեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Միրզոյանի այցը։ Դա խանգարեց քննարկել ոչ միայն խաղաղության պայմանագիրը, այլև հայ–ադրբեջանական կարգավորման այլ օրհասական հարցեր, այդ թվում` իրավիճակը Լաչինի միջանցքի շուրջ», – կարծում է դիվանագետը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում