Պուտին–Ալիև–Փաշինյան բանակցությունների հստակ ամսաթիվ որոշված չէ.Պեսկով

08.11.2021, 14:50
Պեսկովը հայտարարել է, որ Պուտին–Ալիև–Փաշինյան բանակցությունների հստակ ամսաթիվ որոշված չէ
Պուտին–Ալիև–Փաշինյան բանակցությունների հստակ ամսաթիվ որոշված չէ.Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակապի միջոցով բանակցությունների նախապատրաստական աշխատանքն ընթանում է,լ բայց հստակ ամսաթիվը դեռ չի որոշվել։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Հստակեցնում եմ Պուտինի, Ալիևի և Փաշինյանի տեսակապի թեմայի շուրջ, մենք հաստատում ենք, որ աշխատանք է տարվում այդ հանդիպումը նախապատրաստելու ուղղությամբ։ Բայց այստեղ ուզում ենք նշել, որ դեռևս չկան հստակ պայմանավորվածություններ և ընկալում այն մասին, թե երբ այդ տեսակապը կարող է տեղի ունենալ։ Այդ աշխատանքը շարունակվում է», – նշել է նա։

Նախօրեին երեկոյան Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոյեմբերի 9-ին ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման պայմանավորվածություն այս պահին չկա։

Նախօրեին ավելի վաղ Կրեմլում հաստատել են հաջորդ շաբաթ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ հանդիպման անցկացման պլանները։ «Այո, իսկապես, նման հանդիպում նախապատրաստվում է, և այն նախապատրաստվում է տեսակոնֆերանսի ձևաչափում», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Մի քանի շաբաթ առաջ ՌԻԱ Նովոստին, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ նոյեմբերի առաջին տասնօրյակում Մոսկվայում տեղի կունենա ՌԴ նախագահի հանդիպումը Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ։ Գործակալության տվյալներով, «նախատեսվում է ընդունել հայտարարություն տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին, պատրաստվում է փաստաթուղթ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին»։ ՀՀ ԱԳՆ–ն հերքել է այդ տեղեկատվությունը։–0–