Արդշինբանկը Հայաստանի թիվ 1 հարկատուն է ուղղակի հարկերի գծով 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Արդշինբանկը Հայաստանի թիվ 1 հարկատուն է ուղղակի հարկերի գծով և առաջին եռյակում է երկրի խոշորագույն հարկատուների շարքում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) 2026 թվականի առաջին կիսամյակի հրապարակած ցուցանիշներով:
Բանկն ուղղակի հարկերի գծով վճարել է պետական բյուջե 32,5 մլրդ ՀՀ դրամ, իսկ ընդհանուր հարկային վճարումների ծավալը կազմել է 33,6 մլրդ ՀՀ դրամ։
Հաշվետու ժամանակահատվածում (հունվար-հունիս) բանկի կողմից վճարված գումարներից 27,5 մլրդ ՀՀ դրամը կազմել է շահութահարկը, իսկ շուրջ 5,0 մլրդ ՀՀ դրամը՝ եկամտային հարկը։
Բանկի արձանագրած այս ցուցանիշները վկայում են ոչ միայն ֆինանսական կայունության, այլև երկրի տնտեսական զարգացման գործընթացներում Արդշինբանկի շարունակական և պատասխանատու մասնակցության մասին։
«Արդշինբանկը դիտարկում է իր առաքելությունը ոչ միայն որպես ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերություն, այլև որպես Հայաստանի տնտեսության զարգացման կարևոր գործընկեր։ Մեր կողմից պետբյուջե կատարվող վճարումների շարունակական աճը մեր գործունեության մասշտաբի և տնտեսության տարբեր ոլորտներին աջակցության արտահայտությունն է։ Մենք շարունակելու ենք ներդրում ունենալ բիզնեսի զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումային ծրագրերի ֆինանսավորման և երկրի տնտեսական ներուժի ընդլայնման գործում»,- նշել է «Արդշինբանկ» ԲԲԸ վարչության անդամ, ֆինանսական տնօրեն Գարեգին Գևորգյանը։
Արդշինբանկի արձանագրած արդյունքները ևս մեկ անգամ ընդգծում են բանկի դերը՝ որպես Հայաստանի տնտեսական առաջընթացին նպաստող առանցքային ֆինանսական կազմակերպության:
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

