ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 14-ի որոշմամբ հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ միջոցառումը, որով ընդլայնվում է սպառված գազի և էլեկտրաէներգիայի գումարի փոխհատուցման գնային շեմը։
Ըստ որոշման, այս միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մի խումբ անձանց։
Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020թ.–ի փետրվար ամսվա ծախսը կազմել է բնական գազի սպառման գծով՝ 10 001-30 000 դրամ ներառյալ, էլեկտրաէներգիայի գծով՝ 5001-10 000 դրամ ներառյալ։
Ընդ որում, աջակցությունը տրամադրվելու է սպառած էլեկտրաէներգիայի և գազի դիմաց 30 տոկոսի չափով։
Հիշեցնենք, որ ապրիլի 13–ին կառավարությունն ընդունել էր
11-րդ միջոցառումը, որը վերաբերում էր այն բաժանոդներին, որոնք փետրվարին օգտագործել
էին մինչև 10 հազար դրամի գազ և մինչև 5 հազար դրամի էլեկտրաէներգիա: Այդ դեպքում պետությունը
փոխհատուցում էր 50 տոկոսը:–0–