Պետական օժանդակության 11–րդ ծրագիր. կփոխհատուցվի գազի և էլեկտրաէներգիայի ծախսի 50%–ը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Այսօր կառավարության անցկացրեց արտահերթ նիստ, որի ընթացքում հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը։
Միջոցառան մանրամասները ներկայացրեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նա, մասնավորապես, նշեց, որ այս միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մի խումբ անձանց:
Նշվում է, որ պետությունը կփոխհատուցի ընթացիկ տարվա փետրվար ամսվա բնական գազի և էլեկտրաէներգիայի գծով ծախսերի 50%-ն այն բաժանորդների համար, որոնք նշված ամսվա ընթացքում ունեցել են մինչև 10.000 դրամ բնական գազի և մինչև 5.000 դրամ էլեկտրաէներգիայի ծախս։
Մհեր Գրիգորյանը նշեց, որ այս միջոցառումը վերաբերում է բոլոր բաժանորդներին՝ անկախ նրանից՝ ժամկետանց պարտքեր ունեն, թե ոչ: Ընդ որում՝ պարտքի առկայության դեպքում այդ գումարն ուղղվում է բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձևակերպվում որպես կանխավճար:
Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ նրանք, որոնք արդեն վճարել են գազի ու էլեկտրաէներգիայի դիմաց, նրանց մասով կձևավորվի կանխավճար, իսկ որոնք չեն վճարել, այդքանով կնվազի վճարը:–0–