Փաշինյան. եթե դու հակամարտության մեջ ես, քո երկրի ամբողջ տարածքը կարող է հարձակման թիրախ դառնալ

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Երբ խոսում ենք Հայաստանի համար խաղաղ զարգացման օրակարգ բացելու անհրաժեշտության մասին, նկատի ունենք մարդկանց կյանքի իրավունքը պաշտպանելը, ԱԺ–ում ասաց Փաշինյանը` պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, որը վերաբերում էր քաղաքացիների կյանքի իրավունքի պաշտպանությանը։
«Մենք պետք է հասկանանք՝ այն երկիրը, որը փաստացի պատերազմի տրամաբանության մեջ է, չի կարող խոսել սեփական քաղաքացիների կյանքի իրավունքի պաշտպանության մասին։ Եթե դու հակամարտության մեջ ես, քո երկրի ամբողջ տարածքը կարող է հարձակման թիրախ դառնալ»,- ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով խորհրդարանում լրագրողների բողոքի ակցիաներին և Ազգային ժողովում լրագրողների աշխատանքի սահմնափակումների վերաբերյալ հարցին, վարչապետն ասաց, որ օրենսդրական փոփոխություններ են առաջարկելու և լրագրողները ևս կհետևեն դրանց։
«Բայց մենք շատ աննախադեպ իրավիճակներ ունենք և այսօր էլ ԱԺ-ում ունենք աննախադեպ իրավիճակ։ Կառավարությունն էլ ստիպված է այդ իրավիճակներին անդրադառնալ աննախադեպ քայլերով»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով ՝ Հայաստանի քաղաքացիներն իրավունք ունեն իմանալ լրատվամիջոցների իրական շահառուների մասին, որպեսզի հստակ հասկանան թե որևէ լրագրող լրագրողական գործունեությամբ է զբաղվում, թե՞ քաղաքական որոշակի շրջանակի ներկայացուցիչ է։
«Որպես վարչապետ` թույլ չեմ տալու, որ ժողովրդավարությունը դառնա ամենաթողության համար պատշաճ հարթակ, և բոլոր միջոցները ձեռնարկելու եմ։ Բայց ոչ թե սեփական ճաշակներին համապատասխան, այլ ՀՀ քաղաքացիներից ստացած մանդատին համապատասխան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։-0-