ԵՐԵՎԱՆ, 22 մարտի./Նովոստի–Արմենիա/. Կառավարությունը կորոնավիրուսի պատճառով գործազուրկ մնացած քաղաքացիների համար սոցիալական աջակցության նոր փաթեթ է մշակում։
Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–յան իր էջում ուղիղ եթերի ժամանակ։
«Այս փաթեթն, ըստ էության, կլինի գործող «Փարոս» համակարգի ենթաճյուղերից մեկը, որը նախատեսված կլինի գործազուրկ դարձած քաղաքացիների համար։ Մենք այսօր օնլայն ռեժիմով, ամենօրյա ռեժիմով կարողանում ենք հետևել, թե ՀՀ–ում քանի քաղաքացի է ազատվել աշխատանքից, և նրանք արդյոք այլ աշխատանք գտել են, թե ոչ», – նշեց ՀՀ վարչապետն` ավելացնելով, որ աշխատանքի շուկայում, ինչպես ամբողջ տնտեսության մեջ տեղի են ունենում վերաձևավորումներ։
Загружается новость ... "Лево"
«Ինչպես աշխատատեղեր փակվում են, այնպես էլ բացվում են, և մենք կարիք ունենք համադրելու, թե ինչքան աշխատատեղ փակվեց և ինչքանը բացվեց, և ինչպիսի շարժ է տեղի ունենում աշխատանքի շուկայում։ Եվ աշխատանք փնտրող մեր հայրենակիցների համար մենք կունենանք նաև որոշակի սոցիալական փաթեթներ, որպեսզի օգնենք նրանց հաղթահարել դժվարությունները», – նշեց վարչապետ Փաշինյանը։
ՀՀ այսօրվա դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 194 դեպք, 2 մարդ առողջացել է։
Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել է մարտի 1–ին, պացիենտն արդեն առողջացել է և դուրս է գրվել հիվանդանոցից։ Վարակակիրների շրջանում են Իրանից և Իտալիայից ժամանած ՀՀ քաղաքացիներ` Երևանի, Էջմիածնի, Մեղրիի և Չարենցավանի բնակիչներ, նրանց հետ շփված անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած անձ։ Վարակակիրների մեծ մասը, այդ թվում` դպրոցահասակ երեխան, Էջմիածնի բնակիչներ են, ինչպես նաև Երևանի արտադրամասում վարակակիրների հետ շփված անձինք։–0–