Պարետի որոշում. Սևան համայնքը փակվում է 10 օրով

25.05.2020, 00:28
Պարետի որոշմամբ 10–օրյա կարանտին է հայտարարվում Սևան համայնքում
Պարետի որոշում. Սևան համայնքը փակվում է 10 օրով
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակ պարետատան պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ, Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքում կիրառվել են ելումուտի սահմանափակումներ։

Загружается новость ... "Лево"

Մասնավորապես, սահմանվել է համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով տեղաշարժի։

Սևան համայնք մուտք գործելու սահմանափակման համար բացառություն է սահմանվել մինչև 2020 թվականի մայիսի 25-ը՝ ժամը 13:00-ն՝ թույլատրվելով Սևան համայնքում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը։

Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրվել են հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Սևան համայնքի վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով։

Պարետի որոշման համաձայն, սահմանվել են Սևան համայնքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումները:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Էդուարդ Մարտիրոսյանին, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին հանձնարարվել է ապահովել սույն որոշման իրականացումը։

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 06:00-ին, և գործում է մինչև 2020 թվականի հունիսի 3-ը՝ ժամը 23։59-ը:–0–