ՊԵԿ–ը պարզաբանել է, թե ովքեր կարող են օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10–րդ միջոցառումից
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Պետեկամուտների կոմիտեն պարզաբանել է, թե ովքեր կարող են օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10–րդ միջոցառումից։
ՀՀ կառավարության որոշմամբ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման շրջանակում նախատեսվում է օժանդակություն տրամադրել միկրոձեռնարկատիրության սուբյեկտներին, ընդ որում՝ ինչպես անհատ ձեռնարկատեր կամ ռեզիդենտ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող միկրոձեռնարկատերերին, այնպես էլ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող միկրոձեռնարկատիրության սուբյեկտներին։ Օժանդակությունը նախատեսված է միկրոձեռնարկատիրության այն սուբյեկտների համար, որոնք նախորդ տարվա ընթացքում հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կամ ինքնազբաղված անձ կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ, հաղորդում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող միկրոձեռնարկատիրության սուբյեկտները ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն առհասարակ ՀԴՄ կիրառողներ չեն հանդիսանում։ Նրանց համար կառավարության որոշմամբ սահմանված է միանվագ ամսական նվազագույն աշխատավարձի չափով աջակցություն, որը կախված չէ նրանց շրջանառությունից։ Հետևաբար՝ այս խումբ հարկ վճարողների մոտ շրջանառությունների չհայտարարագրման հետ կապված աջակցության չափի նվազեցման ռիսկեր չկան։
Ինչ վերաբերում է անհատ ձեռնարկատիրոջ կամ ռեզիդենտ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող միկրոձեռնարկատիրության սուբյեկտներին, ապա նրանց համար աջակցության չափը սահմանվել է 2020թ․ առաջին եռամսյակի իրացման շրջանառության 10% չափով, սակայն ոչ պակաս քան 10 հազար դրամը և ոչ ավելի քան ամսական նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը։
«Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ոչ բոլոր անհատ ձեռնարկատեր կամ կազմակերպության հանդիսացող միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն են հնարավորություն ունեցել կիրառելու ՀԴՄ-ներ, կառավարության որոշմամբ սահմանվել է, որ կոմիտեի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակեպություն ՀԴՄ ձեռք բերման հայտ ներկայացրած, սակայն կոմիտեի տեղեկատվական շտեմարանում դեռևս նոր սերնդի ՀԴՄ չակտիվացրած սուբյեկտներին լրացուցիչ տրամադրվելու է նվազագույն ամսական աշխատավարձի չափով միանվագ օժանդակություն», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–

