Նոր ուսումնական տարին, հնարավոր է, սկսվի հեռավար. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հանրակրթական դպրոցներում հեռավար ուսուցումը կարող է շարունակվել նաև նոր ուսումնական տարում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի կապակցությամբ։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը առցանց ասուլիսի ժամանակ` ներկայացնելով 100 փաստ նոր Հայաստանի մասին։
«Այս տարի, չնայած դպրոցները ֆիզիկապես փակ են, կավարտենք ուսումնական տարին։ Հիմա մենք միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի մինչև աշուն ունենանք հեռավար ուսուցման համակարգի ենթակառուցվածք։ Մեծ է հավանակությունը, որ աշնանը նույնպես կլինի կորոնավիրուս, որպեսզի ուսումնական գործընթացը չընդհատվի», – նշեց վարչապետը։
Նա նաև նշեց, որ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը կանխելու անհրաժեշտությունն ու ելնելով ստեղծված իրավիճակից` հանրակրթական դպրոցներում գործարկվեց հեռավար ուսուցման հարթակ, որի շնորհիվ կրթական գործընթացը երկրում չընդհատվեց։
Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։ Մայիսի 14-ին կառավարությունը կրկին երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ:
Հայաստանում մայիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4283 դեպք, որոնցից 1791-ն` առողջացած, 55-ը` մահվան ելքով:–0–

