Նաղդալյանը հորդորում է ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ Վրաստանի տարածքով Հայաստան վերադառնալուց
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն երկու երկրների միջև բեռնափոխադրումներն իրականացվում են անխափան:
Վերջին օրերին ՀՀ ԱԳՆ-ն, Վրաստանում և ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները բազմիցս հայտնել են, որ, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, շարունակվում է փակ մնալ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։
Միաժամանակ հայտարարվել է, որ ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստանի տարածք արգելված է բոլոր ճանապարհներով (հայ-վրացական, ռուս-վրացական, թուրք-վրացական սահմաններով և նաև օդային ու ծովային ճանապարհներով)։
ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ բեռնատարների կուտակումներ կան ինչպես հայ-վրացական (Բագրատաշեն-Սադախլո) ու ռուս-վրացական (Վերին Լարս-Կազբեգի) սահմաններին հարող տարածքներում, այնպես էլ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի տարբեր հատվածներում:
Ռուսաստան մեկնող, ինչպես նաև ՌԴ-ից Հայաստան ուղևորվող բեռնատարների սահմանահատումը Վերին Լարս, ինչպես նաև հայ-վրացական սահմանով այս պահին կանգնեցվել է՝ միայն առատ ձյան պատճառով: Ճանապարհի բացվելուն պես, բեռնատարները հնարավորություն կունենան հատել հայ-վրացական, ինչպես նաև ռուս-վրացական սահմանը։
«Չնայած մեր հորդորներին՝ Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածում ներկայումս կան ռուս-վրացական սահմանը հատել ցանկացող ՀՀ քաղաքացիներ: Հաշվի առնելով, որ եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով ճանապարհը չի բացվելու նախքան Վրաստանի կառավարության՝ Վրաստան օտարերկրացիների մուտքն արգելող որոշման ուժի մեջ մտնելը /18․03․2020 ժամը 00։00-ից/, հորդորում ենք մեր քաղաքացիներին վերադառնալ մեկնելու վայր և հնարավորինս սեղմ ժամկետներում օգտվել Հայաստան գալու օդային ուղիներից, մասնավորապես մոտակա Մին Վոդի, Կրասնոդար,Դոնի Ռոստով քաղաքների օդանավակայաններից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ արտգործնախարարությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ Վրաստանի տարածքով Հայաստան վերադառնալուց և օգտվել բացառապես օդային ուղիներից և սթափ գնահատել իրադրությունը:-0-

