Մինչև 500 հազ. վարակակիր և հազարավոր մահեր. Թորոսյանը ներկայացրել է COVID-19–ի հետ կապված իրավիճակի զարգացման վատագույն սցենարը (ՎԻԴԵՈ)

04.05.2020, 13:14
Մինչև 500 հազ. վարակակիր և հազարավոր մահեր. Թորոսյանը ներկայացրել է COVID-19–ի հետ կապված իրավիճակի զարգացման վատագույն սցենարը. ՎԻԴԵՈ
Մինչև 500 հազ. վարակակիր և հազարավոր մահեր. Թորոսյանը ներկայացրել է COVID-19–ի հետ կապված իրավիճակի զարգացման վատագույն սցենարը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ոչ մի երկիր չի կարող ընդմիշտ փակ մնալ, ստիպված է վերսկսել աշխատանքը տնտեսության այս կամ այն ոլորտներում, սակայն դա պետք է տեղի ունենա` վարքի կոնկրետ կանոնների պահպանմամբ, այդ թվում` աշխատանքում, ընտանիքում, փողոցում, ժամանցի տարբեր վայրերում, հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ 

Загружается новость ... "Лево"

«Եթե մենք կարողանանք հետևել այս կանոններին, մեզ կհաջողվի հարմարվել, առաջ շարժվել։ Իսկ եթե չկարողանանք պահպանել, կունենանք պայթյունավտանգ բռնկումներ, երբ, օրինակ, Հայաստանում կվարակվի 500 հազար քաղաքացի, տասնյակ հազարավորները կհոսպիտալացվեն, կլինեն հազարավոր մահեր», – նշեց նա ԱԺ–ում լսումների ժամանակ։

Թորոսյանը հայտարարեց, որ այդ սցենարն այդքան էլ քիչ հավանական չէ, «բազմաթիվ երկրներում այդպես է»։

«Բարեբախտաբար, մեզ մոտ այդպես չեղավ, հուսով եմ, իհարկե, դա դժվար է գնահատել, մեր ժողովրդի զգուշության, սահմանափակող միջոցառումների շնորհիվ։ Եվ այս ամենը պետք է ամենաքիչը պահպանել այնպես, ինչպես կա։ Եթե չկարողանանք պահպանել, կունենանք անխուսափելի վատ սցենարներ», – ընդգծեց նախարարը։

Թորոսյանի խոսքով, բոլոր միջոցների և վարքագծի նորմերի պահպանման դեպքում և հաշվի առնելով ցանկացած համաճարակի ցիկլայնությունը` կարելի է հուսալ, որ հաջորդ գարնանից կորոնավիրուսը կամ կնահանջի կամ կունենա շրջանառության շատ փոքր տոկոս բնակչության շրջանում կամ կհայտնվի հատուկ դեղորայք կամ պատվաստանյութ։

Հայաստանում մայիսի 4–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2507 դեպք, առողջացել է 1701 մարդ, 39 մարդ, ցավոք, մահացել է։–0–