«Մեյմանդար» շուկայում առևտրականները մեքենա են շրջել, կան ձերբակալվածներ (ՎԻԴԵՈ)

03.06.2020, 12:58
«Մեյմանդար» շուկայում առևտրականները մեքենա են շրջել, կան ձերբակալվածներ (ՎԻԴԵՈ)
«Մեյմանդար» շուկայում առևտրականները մեքենա են շրջել, կան ձերբակալվածներ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Պարետի որոշման համաձայն՝ հունիսի 2-ից 1 օրով պետք է դադարեցվեր Արմավիրի մարզի Գայ գյուղի վարչական տարածքում գործող «Մեյմանդարի» շուկայի գործունեությունը՝ տարածքը ախտահանելու համար։

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, պարետի որոշումը ի կատար ածելու նպատակով շուկա էին այցելել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողներն ու սննդի անվտանգության տեսչության աշխատակիցները։

Շուկայում գյուղմթերքի առուվաճառքով զբաղվող անձինք հրաժարվել են կատարել Պարետի որոշումը և շուկայի մուտքերից մեկի մոտ կայանված մեքենան գլխիվայր շրջել են։

Загружается новость ... "Лево"

Դեպքի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, որը փոխանցվել է Վաղարշապատի քննչական բաժին։

«Նախաքննության շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության ծառայողները հայտնաբերել և բերման են ենթարկել միջադեպին մասնակցած անձանց, կան ձերբակալվածներ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Այս պահին շուկայի գործունեությունը 24 ժամով դադարեցված է և կատարվում են սանմաքրման աշխատանքներ։

«Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ` միջադեպի հանգամանքները պարզելու, ինչպես և հնարավոր այլ մասնակիցների հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ», – հայտնում են ՀՀ ոստիկանությունից։–0–