«Մենք ունենք 2–3 օր երկրում որակական իրավիճակ փոխելու համար». Փաշինյանը հնարավոր է համարել պարետային ժամի սահմանումը (ՎԻԴԵՈ)

02.06.2020, 20:01
«Մենք ունենք 2–3 օր երկրում որակական իրավիճակ փոխելու համար». Փաշինյանը հնարավոր է համարել պարետային ժամի սահմանումը. ՎԻԴԵՈ
«Մենք ունենք 2–3 օր երկրում որակական իրավիճակ փոխելու համար». Փաշինյանը հնարավոր է համարել պարետային ժամի սահմանումը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի ճեպազրույցի ընթացքում նշեց, որ հակահամաճարակային կանոնների չպահպանման դեպքում, հնարավոր է, հայտարարվի պարետային ժամ։

Նա կոչ արեց իրավապահ մարմիններին ավելի խիստ հետևել այդ կանոնների պահպանմանը։

Նա նշեց, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է ահագնանալ. նախօրեին գրանցվել է 517 նոր դեպք։

Загружается новость ... "Лево"

«Հիմնական հարցը, որ ծագում է` ինչու՞ է այս ամենը մեր հետ տեղի ունենում։ Ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ մեր հիմնական պրոբլեմը հակահամաճարակային կանոնների պահպանումն է։ Մենք ունենք համոզվածություն, որ այդ կանոնների պահպանումը կբերի կորոնավիրուսի թվերի անկման, նույնիսկ զրոյացման», – ասաց վարչապետը։

Նա նաև նշեց, որ 2018թ.–ից հետո Հայաստանում վախի մթնոլորտը չեզոքացել է, բայց դրա փոխարեն օրինապահության մթնոլորտը չի հասել պատշաճ մակարդակի։

«Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ օրինակ կանոնների խախտումների արձանագրման որակի և կոշտության հետ պրոբլեմ ունենք։ Օրինակ, երբ առևտրի վայրում կանոնների խախտում է արձանագրվում, և որոշում է կայացվում այդ վայրը փակել, քանի որ այն ենթադրաբար վարակի տարածման շատ լուրջ աղբյուր է, հաջորդ պահին գալիս են փաստարկներ, որ առևտուր անողների մթերքը կփչանա, նրանք վնասներ կկրեն: Մենք այստեղ գործ ունենք վարչարարության կոշտության պակասի հետ», – ասաց Փաշինյանը։

Նա ասաց, որ այսօր կեսօրին հրավիրել է պարետատան նիստ, որի ընթացքում ընդգծել է, որ հակահամաճարակային կանոնները պետք է պահպանվեն և պետք է կոշտ ու չոր ձևով վերահսկողություն իրականացնել դրանց կատարման նկատմամբ` առանց որևէ հակափաստարկի։

«Մենք այսօր կանգնած ենք հետևյալ հանգրվանի առաջ. կամ այն փաստի բերումով, որ կանոնները չեն պաշտպանվում, մենք գնում ենք նորից համատարած արգելափակումների` զուգորդելով դրանք պարետային ժամով, երկիրը ենթարկելով նոր տնտեսական և սոցիալական ցնցումների կամ մենք միասին իրար հետ համագործակցված` կառավարություն, հասարակական հատված, քաղաքացիներ, իրար հետ համագործակցելով, հսկողության տակ ենք առնում այս իրավիճակը և շատ արագ արձանագրում արդյունքներ։ Սա է մեր ընտրությունը», – ասաց Փաշինյանն` ավելացնելով, որ այս առումով մենք ունենք 2–3 օր երկրում որակական իրավիճակ փոխելու համար։

Հայաստանում հունիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10009 դեպք, որոնցից 3427-ն` առողջացած, 158-ը` մահվան ելքով:–0–