Մենք շանս ունենք ջարդելու այս համավարակի ողնաշարը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Վերջին 15 օրում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային վիճակը Հայաստանում էականորեն բարելավվել ու բարելավվում է, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ։
Նա նշեց, որ հունիսի 11-ից հետո առաջին անգամ մենք ունենք ակտիվ դեպքերի 9 հազարից պակաս դեպք:
«6 օր անընդմեջ ունենք 400-ից պակաս ամենօրյա դեպքեր: Այս ամենը նշանակում է, որ մենք շանս ունենք ջարդելու այս համավարակի ողնաշարը, և սա մեզնից յուրաքանչյուրի վրա դնում է հատուկ պատասխանատվություն», – ասաց Փաշինյանն` ավելացնելով, որ սահմանված հակահամաճարակային պայմանները պետք է նույն խստությամբ պահպանվեն:
Նա ավելացրեց, որ օգոստոսի 1–ին թոշակների բաժանման գործընթացն է սկսվում, և պետք է ամեն ինչ անել, որ հակահամաճարակային կանոնները հստակ պահպանվեն:
«Ցավոք, մենք հիմա վստահ գիտենք, որ մինչև տուրիստական սեզոնի ավարտը ավիափոխադրումները սովորական ռեժիմով չեն վերականգնվի, ինչը նշանակում է, որ մեր այն հայրենակիցները, որոնք կարող էին իրենց հանգիստը անցկացնել հանգստյան վայրերում, պետք է օգտվեն ներքին տուրիզմի հնարավորություններից: Սա նշանակում է, որ տեսչական մարմինները պետք է ուշադրություն դարձնեն հանգստյան գոտիներիներում, առողջարաններում համաճարակային կանոնների պահպանմանը», – ընդգծեց վարչապետն` ավելացնելով, որ մենք ունենք խնդիր` համաճարակը դուրս բերել մեր հանրային կյանքի օրակարգից:
«Սա չի նշանակում, որ կորոնավիրուսի դեպքեր ընդհանրապես չեն լինի Հայաստանում, այլ նշանակում է, որ այդ դեպքերը լինեն այն աստիճանի և մակարդակի վրա, որ դա մենք չհամարենք ճգնաժամ: Այո, մենք այդ շանսը այսօր ռեալ ունենք։ Ինչքանով կիրականացնենք այդ շանսը, կախված է մեզանից, պետական համակարգից: Հույս ունենք, որ սեպտեմբերին կկարողանանք արձանագրել ճգնաժամի ավարտը»,-ասաց նա:
Հուլիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 38196 դեպք, որոնցից 28366-ն` առողջացած, 728-ը` մահվան ելքով։–0–