Մեծ պրոբլեմ է, և մենք այս տեմպերով կարող ենք լուրջ ճգնաժամի առաջ կանգնել. Փաշինյանը` COVID-19–ի հետ կապված վիճակի մասին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–յան ուղիղ եթերում անդրադարձել է երկրում տիրող համաճարակաբանական իրավիճակին։
«Կորոնավիրուսի ճգնաժամը հանրային ուշադրությունից դուրս է մնում և մենք խնդիրների առաջ ենք կանգնում։ Արդեն քանի օր է՝ հարյուրից ավելի դեպքեր են արձանագրվում», – նշեց Փաշինյանը։
Նա ասաց, որ այսօր տեսնում է փողոցում իրար ձեռքով բարևող մարդկանց, իրար շատ մոտ կանգնած ու զրուցող մարդկանց։
«Սա մեծ պրոբլեմ է, և մենք այս տեմպերով կարող ենք լուրջ ճգնաժամի առաջ կանգնել», – ընդգծեց նա`կարևորելով 3 կանոն, որոնց պահպանման դեպքում հնարավոր է զերծ մնալ վարակից` սոցիալական հեռավորության պահպանում, ձեռքերի ախտահանում և սպասքի ախտահանում։
«Քանի որ կորոնավիրուսը նվազագույնը մեկ տարի մեր կողքին է լնելու, մենք պետք է սովորենք ապրել զուգահեռ: Եթե նոր հիվանդացությունների դեպքերը այս տեմպով գնան, մենք ստիվպած ենք լինելու գնալ սահմանափակումների»,- նշեց Փաշինյանն` ավելացնելով, որ սահմանափակումների մեղմացումը թույլ է տվել տնտեսությանը վերականգնման միտումներ ցույց տալ, ինչը դրական ազդեցություն կունենա երկրում առկա սոցիալական վիճակի վրա:
«Հակահամաճարակային կանոնները չպահելու դեպքում ստիպված ենք լինելու նորից գնալ սահմանափակումների», – ընդգծեց վարչապետը:
«Կորոնավիրուսի ճգնաժամը, համաճարակաը ծավալվում է ամբողջ թափով, և կոչ եմ անում պահպանել հակահամաճարակային պայմանները»,-ասաց նա:
Մայիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 180 նոր դեպք և 70 առողջացած, ընդհանուր` 3718 դեպք, որոնցից 1500-ն` առողջացած, 48-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2149 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 34766 թեստավորում:–0–

