Լրատվական համակարգը չի աշխատում, կներեք բայց ես չգիտեմ ՀԾՀ–ն ինչ ա, մի հատ ասեք` ինչ ա. Փաշինյանը բարկացավ (ՎԻԴԵՈ)

16.04.2020, 12:54
Լրատվական համակարգը չի աշխատում, կներեք բայց ես չգիտեմ ՀԾՀ–ն ինչ ա, մի հատ ասեք` ինչ ա. Փաշինյանը  բարկացավ. ՎԻԴԵՈ
Լրատվական համակարգը չի աշխատում, կներեք բայց ես չգիտեմ ՀԾՀ–ն ինչ ա, մի հատ ասեք` ինչ ա. Փաշինյանը  բարկացավ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ծրագրերով քաղաքացիներին աջակցություն տրամադրելու հարցին։

Նա նշեց, որ երեկ մի քանի ժամ անձամբ ժամանակ է հատկացրել կարդալու իր Facebook–յան էջին քաղաքացիների ուղարկված նամակները։

«Կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ մենք ունենք մի քանի խումբ խնդիրներ։ Շատ մեծ թվով մարդիկ տեղյակ չեն, որ իրենք հանդիսանում են այս կամ այն ծրագրի շահառու, ունեն տեղեկացվածության պրոբլեմ։ Եվ սա պետք է մեզ ազդակ լինի, որ մենք բավարար չափով չենք լուսաբանում, թե որ խումբն ինչ միջոցառման շահառու է և ինչ պետք է անի քաղաքացին այդ միջոցառումից օգտվելու համար», – ասաց վարչապետը։

Նա կառավարության հանրային կապերի և տեղեկատվության վարչության ՊՈԱԿ–ի տնօրենին հանձնարարեց ակտիվորեն զբաղվել քաղաքացիների իրազեկման հարցով։

Վարչապետն ընդգծեց, որ բոլոր ծրագրերը պետք է մանրամասն և այս օրերի ընթացքում ամենօրյա ռեժիմով լուսաբանվեն։

«Ես երեկ երեկոյան տասնյակ մարդկանց հղումներ եմ ուղարկել, իրենց օգնել եմ, որպեսզի իրենք անձամբ մտնեն և կատարեն իրենց գործողությունները։ Անձամբ պարզել եմ, որ մեր մոդուլները միշտ չէ, որ բավարար չափով և ճշգրտությամբ աշխատում են», – ասաց վարչապետը` նշելով, որ 9–րդ միջոցառման համակարգն ունեցել է տեխնիկական խնդիրներ և խափանվել է։

Загружается новость ... "Лево"

Վարչապետը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանից հետաքրքրվեց` արդյոք ՏՏ ոլորտի մասնագետները շտկել են խնդիրը, թե ոչ։

Բաթոյանն իր հերթին պատասխանեց, որ 9–րդ միջոցառման սպասարկման տեղեկատվական ենթահամակարգը ստեղծվել է 4 օրում։

«Ապրիլի 14–ին գործարկվելուց հետո 40 ժամվա ընթացքում ընդունել է 264801 դիմում, այսինքն 1 րոպեում` 110 դիմում, որից 70874–ը հաջողությամբ ընդունվել է, իսկ 112000–ը խնդիր է ունեցել տվյալների սխալ գրանցման պատճառով։ Մենք փորձել ենք հասկանալ խնդիրների պատճառը, կան տարբեր խնդիրներ, մարդիկ պարզապես չգիտեն, թե ինչպես պետք է լրացնել, թեև մենք նաև ուղեցույց ենք մշակել և հրապարակել։ Մենք հիմա առանձին խմբով աշխատում ենք վերլուծել և հասկանալ, թե որոնք ենք մերժված դիմումների պատճառը», – նշեց նախարարն` ընդգծելով հիմնականում խնդիրը տվյալների սխալ լրացումն է։

«Կան մարդիկ օրինակ որոնք չգիտեն, թե ինչ է ՀԾՀ–ն, սոցիալական քարտը և այլն», – ասաց Բաթոյանն` ինչին ի պատասխան Փաշինյանը բարկացավ ու ասաց, որ «դա նշանակում է, որ մեր լրատվական համակարգը չի աշխատում»։

«Եթե այդ ՀԾՀ–ը կոչված սկզբունքային նշանակություն ունի նրանում, թե մարդիկ կկարողանան ճիշտ լրացնել դիմումը, թե չէ։ Կներեք բայց ես չգիտեմ ՀԾՀ–ն ինչ ա, մի հատ ասեք` ինչ ա։ Եթե մենք միջոցառում ենք անում, որտեղ ՀԾՀ–ի բացվածքը սկզբունքային կարևոր է, ուրեմն պետք է ուրիշ բանող չզբաղվենք, այլ անենք այնպես, որ յուրաքանչյուր քաղաքացի իմանա ՀԾՀ–ն ինչ ա, ՀՎՀՀ–ն ինչ ա», – բարկացած նշեց Փաշինյանը։

Բաթոյանն իր հերթին ասաց, որ գերատեսչությունն առանձին բացատրել է ՀԾՀ–ի նշանակությունը։

«Եթե շահառուն չգիտի դա ինչ ա, ուրեմն մենք չենք արել այնպես, որ դա իմանա», – նշեց վարչապետը։

Փաշինյանն ընդգծեց, որ բոլոր ուժերը պետք է կենտրոնանան` ողջ տեղեկատվական համակարգը, սոցիալական ապահովության, տեխնոլոգիական համակարգն այնպես աշխատեն, որ աջակցությունը րոպե առաջ հասնի քաղաքացիներին։

Նա հանձնարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ամեն օր, 2 ժամը մեկ ստուգել,թե ոնց է աշխատում սոցիալական աջակցության տրամադրման համակարգը։–0–