Կօգնի՞, արդյոք, տաք եղանակը, կորոնավիրուսի դեմ պայքարում. Թորոսյանը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ եղանակի տաքացումն օգնում է կորոնավիրուսի դեմ պայքարում։
«Մենք հետևում ենք վիճակագրությանը և տեսնում ենք, որ տաք կլիմայով երկրներում վիրուսի տարածման տեմպերն այնպիսին չեն, ինչպիսին ավելի սառը երկրներում է։ Նման տրամաբանությամբ կարելի է համեմատել այլ շնչառական հիվանդությունների հետ. դրանք չեն անհետանում, սակայն հիվանդությունների թիվը կտրուկ նվազում է», – ասաց նա ուրբաթ ասուլիսի ժամանակ։
Նախարարը նաև նշեց, որ հնարավոր է ամռանը կարելի է ակնկալել, որ հիվանդությունների թիվը կնվազի, «սակայն որքան էլ լավատեսական սցենար էլ դա լինի, չի նշանակում, որ աշնանը կամ ձմռանը չի լինի նոր աճ»։
«Մենք պետք է պատրաստվենք ինչպես ամռանը, որը, հուսով ենք, կարող է լինել համեմատաբար թեթև, այնպես էլ սպասվող աշնանն ու ձմռանը, որոնք, հավանաբար, կարող են լինել ծանր այս հարցի համատեքստում», – ասաց նա։
Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, գործում է արտակարգ դրություն: Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումները (նախկինում գործում էր մարտի 24-ից մարտի 31-ը) երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ:
Ապրիլի 10–ին վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց, որ մարտի 16-ին կորոնավիրուսի տարածման պայմաններում հայտարարված արտակարգ դրության երկարաձգման հարցը քննարկման փուլում է:
Ապրիլի 10–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 937 դեպք, բուժվել է 149 մարդ, 12 մարդ, ցավոք, մահացել է։–0–