Ջուրը թունավորվա՞ծ է. Երևանի շրջաններից մեկի և Առինջի բնակիչներն ահազանգում են, իրավիճակին արձագանքում են պատկան մարմինները (ՖՈՏՈ)

02.07.2021, 15:12
Ջուրը թունավորվա՞ծ է. Երևանի շրջաններից մեկի և Առինջի բնակիչներն ահազանգում են, իրավիճակին արձագանքում են պատկան մարմինները.ՖՈՏՈ
Ջուրը թունավորվա՞ծ է. Երևանի շրջաններից մեկի և Առինջի բնակիչներն ահազանգում են, իրավիճակին արձագանքում են պատկան մարմինները (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի քանի մանկապարտեզից ծնողներին ահազանգել են, որ երեխաներին տուն տանեն, քանի որ մանկապարտեզների ջուրը թունավորված է: 

Ինչպես հայտնում է aysor.am–ը, ծնողներից մեկը ասել է, որ մանկապարտեզից ձայնային հաղորդագրություն են ստացել հետևյալ բովանդակությամբ՝ «Եկեք, երեխաներին տարեք, ջուրը վարակված է»:

Հաղորդագրությունն այսօր առավոտյան են ստացել: Սակայն, ծնողի խոսքով, արդեն մի քանի օր է՝ իրենց խմբում կան փորլուծություն, ջերմություն ու գլխացավ ունեցող երեխաներ, որոնց թվում նաև իր որդին է:

Զրուցակցի խոսքով՝ բժշկի չեն դիմել: Սկզբում մտածել են, որ, գուցե, երեխաների գանգատները շոգի, արևահարվելու հետևանք են, սակայն ջրի վարակված լինելու մասին տեղեկությունից հետո առողջական գանգատները կապում են հենց ջրի խնդրի հետ: 

Ջրի խնդրի վերաբերյալ ահազանգ է ստացվել նաև Առինջ համայնքից, որի մասին հաղորդագրություն է տարածվել համայնքի Facebook–յան էջում։ 

«Առինջ համայնքի հարգելի բնակիչներ «Վեոլիա Ջուր» ընկերության հերթական անգործության պատճառով այսօր մեր համայնքի բնակիչները նկատել են, որ խմելու ջուրը պղտոր է և ենթակա չէ օգտագործման: Ուստի խնդրում ենք մեր համայնքի բնակիչներին չօգտագործել խմելու ջուրը մինչ խնդրի կարգավորումը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Պատկան մարմինների արձագանքը

Aysor.am–ի հաղորդմամբ, Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ ջրի թունավորման հետ կապված տեղեկություններ չկան՝ ապատեղեկատվություն է։ 

Նա տեղեկացրել է, որ ջրագծի վնասման հետ կապված խնդիրներ կան, ինչը ջրի թունավորում չէ: Մանկապարտեզներին առաջարկել են ջրից չօգտվել:

Իրավիճակին արձագանքել են նաև Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի թաղապետարանից։

«Քանաքեռ-Զեյթունի հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ այսօր առավոտվանից վարչական շրջանի մի քանի բնակիչներից ստացել ենք ահազանգ այն մասին, որ ծորակի ջուրը պղտոր է կամ ժանգագույն», – նշվում է հաղորդագրության մեջ:

Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան աշխատակիցները կապվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ, փոխանցել ահազանգը: 

«Ապահովության համար վարչական շրջանի ղեկավարի հրահանգով կասեցվել են վարչական շրջանի մանկապարտեզների աշխատանքները: Ջրամատակարար օպերատորի հետ տարվում է համապատասխան գործառույթ՝ պարզելու ջրի պղտորվածության պատճառը և վերացնելու հետևանքը: Իրավիճակը վերահսկողության տակ է», – նշվում է հաղորդագրության մեջ: 

«Վեոլիա ջրի» հանրային կապերի բաժնի պետ Մուրադ Սարգսյանն էլ մանրամասնել է, որ ահազանգի պատճառը ջրի գույնի փոփոխությունն է եղել. «Ստուգումներ ենք իրականացնում»:–0–