Հնարավո՞ր է, արդյոք, կրկնակի վարակվել կորոնավիրուսով. մեկնաբանում է Թորոսյանը
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեկնաբանել է կորոնավիրուսով կրկնակի վարակման հավանականությունն ու հիվանդությունից հետո վիրուսի նկատմամբ իմունիտետի ձևավորումը։
«Այսօր բարդ է պատասխանել այս հարցին», – նշել է Թորոսյանն «Ազատություն» ռ/կ–ին տված հարցազրույցում։
Այս համատեքստում նա նշել է, որ տարբեր վիրուսների նկատմամբ իմունիտետն ունի գործողության տարբեր ժամկետ, և սխալ է ասել, որ բուժված պացիենտները չունեն իմունիտետ կորոնավիրուսի նկատմամբ։
«Եթե չունենային իմունիտետ կորոնավիրուսի նկատմամբ, ապա չէին բուժվի։ Օրգանիզմում սինթեզված հակամարմինները պայքարել են կորոնավիրուսի դեմ, և մարդը, փաստորեն, առողջացել է։ Այստեղ ամբողջ խնդիրն է այն է` արդյո՞ք այդ հակամարմինները կպահպանվեն կես տարի, մեկ տարի, 3 տարի, և որքանով դրանք կպաշտպանեն կրկնակի վարակումից», – պարզաբանել է նախարարը։
Թորոսյանն ընդգծել է, որ եթե անգամ քաղաքացին բուժվել է կորոնավիրուսից, նա պետք է շարունակի պահպանել կանխարգելման և պաշտպանության ընդհանուր միջոցները։
Նրա խոսքով, այսօր դժվար է պատասխանել կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետի հարցին, քանի որ պետք է անցնի որոշակի ժամանակ։
«Դրա պատասխանը կտա ժամանակը և խորը բժշկական ուսումնասիրությունը, և այս պահին քաղաքական և անձնական որոշումներ ընդունելիս մենք չպետք է հաշվի առնենք այդ հանգամանքը», – նշել է նա։
Հայաստանում ապրիլի 26–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1746 դեպք, առողջացել է 833 մարդ, փաստացի բուժվում է 885 մարդ, 28 մարդ, ցավոք, մահացել է։–0–

