Հայտնի են Վարդենիսի պոլիկլինիկայի և հիվանդանոցի 140 աշխատակիցների կորոնավիրուսի թեստի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 2-ին լրացել է «Վարդենիսի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի և «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի աշխատակիցների 14 օրյա ինքնամեկուսացման ժամկետը։ Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
«Ի ուրախություն բոլորիս, աշխատակիցների շրջանում արված կորոնավիրուսային հիվանդության կրկնակի թեստերն արձանագրել են բացասական արդյունք` հիվանդանոցի 76 և պոլիկլինիկայի 64 աշխատակիցների մոտ», – նշել է Սանոսյանը Facebook–յան իր էջում։Նրա խոսքով, բուժ հաստատությունները վաղվանից վերսկսելու են իրենց բնականոն աշխատանքը` պահպանելով հակահամաճարակային բոլոր անհրաժեշտ կանոնները։
Մայիսի 5–ի ժամը 11–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 2619 դեպք, որոնցից 1111-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1462 պացիենտ: Մահացել է, ցավոք, 40 մարդ:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ, արտակարգ դրության ժամանակ պարետատան պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ, ապրիլի 21–ից Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ներդրված սահմանափակումները երկարաձգվել են մինչև մայիսի 6–ը։ Սկզբում որոշման մեջ նշվում էր, որ սահմանափակումները գործելու են մինչև ապրիլի 28–ը, սակայն որոշման մեջ փոփոխություններ են կատարվել, ըստ որոնց այդ ժամկետը երկարաձգվեց սկզբում մինչև մայիսի 3–ը և հիմա` մինչև մայիսի 6–ը ժամը 23։59–ը։–0–