ԵՐԵՎԱՆ, 25 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում անցկացվել են կորոնավիրուսի թեստեր, չորեքշաբթի ասաց ՀՀ արդարադատության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում։
Նրա խոսքով, ՔԿՀ–ներում իրավիճակը գտնվում է արդարադատության և առողջապահության նախարարությունների ամբողջական վերահսկողության տակ, իրականացվում են կանխարգելիչ, ախտահանիչ միջոցառումներ ոչ միայն վարչական շենքերում, այլև բնակության գոտիներում, որտեղ պահվում են կալանավորներն ու դատապարտյալները։ Նրանց հետ իրականացվում են բացատրական աշխատանքներ այլ դատապրտյալների հետ շփումները նվազեցնելու և հիգիենայի կանոններին հետևելու համար։
«Անհրաժեշտության դեպքում իրականացվել է թեստավորում, դրանք բոլորը, բարեբախտաբար, բացասական են։ Այսինքն, ոչ մի ՔԿՀ–ում չկա կորոնավիրուսի վարակման դեպք», – ասաց Սարգսյանը։
Загружается новость ... "Лево"
Նա նաև նշեց, որ ախտանիշների ի հայտ գալու դեպքում հիվանդները կմեկուսացվեն, կթեստավորվեն, և եթե նրանց պատասխանը լինի դրական և անհրաժեշտ լինի բժշկական օգնություն, ապա այդ ամենն անպայման կապահովվի։
Սարգսյանի խոսքով, ՔԿՀ–ներում կան էլեկտրոնական ջերմաչափեր, որոնցով չափվում են ներս մտնող և դուրս եկող մարդկանց ջերմությունը, այդ թվում` կալանավորների, ովքեր գտնվում են պահակախմբի հսկողության տակ։
Սարգսյանը տեղեկացրեց, որ նրանց բոլորին մուտքի մոտ տրամադրվում են ձեռնոցներ և դիմակներ։
«Արտակարգ դրության պայմաններում ՔԿՀ–ներում նախատեսված են տեսակցության և հանձնուքների փոխանցման որոշակի սահմանափակումներ, որոնք բխում են կալանավորների, դատապարտյալների և նրանց հարազատների շահերից», – նշեց Սարգսյանը։
Նրա խոսքով, սահմանափակումները չեն տարածվում միայն տեսազանգի հնարավորության վրա։
Ինչ վերաբերում է ծանրոցներին, ապա նրա խոսքով, դրանք կարող են դառնալ ինֆեկցիայի ներթափանցման աղբյուր, ինչի կապակցությամբ արգելը գործում է ապրանքների բոլոր տեսակների, այդ թվում` ծխախոտի վրա, բացառություններ նախատեսված չեն։
«Սահմանափակումները բխում են դատապրտյալների և նրանց անվտանգության շահերից։ Մենք կոչ ենք անում բոլորին, այդ թվում` նրանց մտերիմներին, դրսևորել սոցիալական պատասխանատվություն և չուղարկել ապրանքներ», – ասաց Սարգսյանը։
Նա նաև նշեց, որ հարցերի դեպքում բոլոր ցանկացողները կարող են դիմել Արդարադատության նախարարություն «թեժ գծի» հեռախոսահամարով կամ հատուկ էլեկտրոնային հարթակների միջոցով։
Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարվել է արտակարգ դրություն` երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ինչի կապակցությամբ մարտի 24–ին ժամը 23։59–ից մինչև մարտի 31–ը ժամը 23։59–ը Հայաստանում գործում են քաղաքացիների տեղաշարժման և տնտեսական գործունեության իրականացման նոր սահմանափակումներ։
Հայաստանում մարտի 25–ի ժամը 10։00–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 265 դեպք։ 30 պացիենտի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, մեկ պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում է։ 16 մարդ բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցից։ Մահվան դեպքեր, բարեբախտաբար, չկան։–0–