Հայաստանում նախատեսվում է արտադրել թոքերի արհեստական օդափոխման սարքեր. նախարար (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի./Նովոստի–Արմենիա/. Նոր Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով առողջապահական համակարգին աջակցություն ցուցաբերելու համար ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը հայտարարում է թոքերի օդափոխման սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության գաղափարների և առաջարկների հավաքագրման մասին, նշել է գերատեսչության ղեկավար Հակոբ Արշակյանը։
«Արդեն մի քանի օր է` մի խումբ ինժեներներ ուսումնասիրում են Հայաստանում թոքերի արհեստական օդափոխման սարքերի արտադրության հնարավորությունները։ Ինձ արդեն տեղեկացրել են, որ ուսումնասիրության արդյունքում մի քանի անսարք սարքերից մեկը հաջողվել է վերականգնել, իսկ երկրորդը կվերականգնվի որոշ ժամանակ անց։ Աշխատանքներ են տարվում նաև, որպեսզի հնարավոր լինի հասկանալ, թե ինչպես կարելի է Հայաստանում հաստատել սարքերի կամ կոմպլեկտավորող մասերի արտադրություն», – ասել է նա Facebook-յան ուղիղ եթերի ժամանակ։
«Թոքերի օդափոխության անսարք համակարգերի մասին տեղեկատվություն ունենալու դեպքում նույնպես խնդրում եմ նամակ ուղարկել նշված հասցեով։ Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ. ապրիլի 5-ը։ Խնդրում ենք ներառել Ձեր կոնտակտային տվյալները, առաջարկները, իրականացման ժամկետները և անհրաժեշտ ռեսուրսները», – նշել է նախարարը։
Նրա խոսքով, եթե ինչ–որ մեկը տեղեկատվություն ունի անսարք ապարատների առկայության մասին, ապա դրա մասին ևս պետք է հայտնել նշված էլեկտրոնային հասցեով։
«Այդ սարքերի վերանորոգումը տասն անգամ ավելի հեշտ է, քան ստեղծել նորերը», – պարզաբանել է նախարարը։–0–