Հայաստանում մայիսի 4–ից կբացվեն գեղեցկության սրահները, իսկ տրանսպո՞րտը. մեկնաբանում է Ավինյանը

29.04.2020, 12:33
Հայաստանում մայիսի 4–ից կբացվեն գեղեցկության սրահները, իսկ տրանսպո՞րտը. մեկնաբանում է Ավինյանը
Հայաստանում մայիսի 4–ից կբացվեն գեղեցկության սրահները, իսկ տրանսպո՞րտը. մեկնաբանում է Ավինյանը

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում գեղեցկության սրահների և վարսավիրանոցների գործունեության սահմանափակումները, հնարավոր է, հանվեն մայիսի 4–ից, հայտարարել է ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակ պարետատան պարետ Տիգրան Ավինյանը «Հայաստանի մանուկներ» ինստագրամյան «INSTALIVE» զրուցաշարի ժամանակ։

«Մեծ հավանականությամբ, մայիսի 4-ից կրկին մեծ փաթեթով կվերացվեն որոշ սահմանափակումներ մշակող արդյունաբերությունում, սպասարկման ոլորտում գործող գեղեցկության սրահներում և մի քանի նմանատիպ այլ կազմակերպություններում, իհարկե, որոշակի կանոնների պահպանմամբ», – նշել է նա։

Ավինյանի խոսքով, հետագայում դիտարկվելու են նաև բացօթյա սրճարանների, ինչից հետո միայն՝ փակ սննդի օբյեկտների բացման հնարավորությունները։

Загружается новость ... "Лево"

«Հասարակական տրանսպորտը, որպես բարձր ռիսկի ոլորտ, դեռևս չի գործելու, սակայն, կարծում եմ, այդ հարցին մենք կանդրադառնանք մայիսին կեսին», – նշել է պարետը։

Հիշեցնենք, որ պարետի ապրիլի 28-ի որոշմամբ թույլատրվում է բնակության վայրից ոչ ավել, քան 1 կիլոմետր հեռավորությամբ զբոսնելը՝ ոչ ավել, քան 2 չափահաս անձով կամ ընտանիքի անդամներով:

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։

Ապրիլի 29–ին ժամը 11–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1932 դեպք, առողջացումների թիվը հասել է 900-ի, մահացել է, ցավոք, 30 մարդ:–0–