Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրին․ Թորոսյանը մանրամասնել է (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Մեր դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրին: Եթե այս տեմպը պահպանվի, ապա մենք ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800 դեպք, իսկ ապրիլի 29-ին` 3600 դեպք: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով՝ դրականն այն է, որ վերջին 5 օրերի աճի տեմպը ավելի դանդաղ է քան հավաքական վերցրած վերջին 10 օրերինը:
«Բացասականը այն է, որ այս փոքրիկ և հարաբերական «ձեռքբերումը» կարող է հօդս ցնդել, եթե մենք «թուլանանք» և կրկին վերադառնանք մեր առօրյա կյանքին` չպահպանելով հիվանդության տարածումը կանխող կանոնները»,- նշել է Թորոսյանը իր գրառման մեջ։
Ապրիլի 9-ի դրությամբ՝ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակման 921 հաստատված դեպք։ Բուժվել է 138 մարդ, 10 մարդ, ցավոք, մահացել է։–0–