ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի–Արմենիա/. Եթե խիստ կանխարգելիչ միջոցներ չձեռնարկվեն, ապա կորոնավիրուս կրողների քանակը կարող է գերազանցել երկրի առողջապահական հնարավորությունները։ Այս մասին նշվում է EV Consulting կոնսալտինգային ընկերության հայտարարության մեջ։
Загружается новость ... "Лево"
Ընկերության մեջ նշվում է, որ Հայաստանում բուժօգնության կարողությունները կազմում են ընդամենը 12,153 հիվանդանոցային մահճակալ՝ 41 մահճակալ 10,000 բնակչի հաշվով, իսկ ինֆեկցիոն ստորաբաժանումներում 2,1 մահճակալ 10,000 բնակչի հաշվով` ընդամենը 624 մահճակալ։ Այդ ստորաբաժանումներում մահճակալների տարեկան զբաղվածությունը 65% է, հետևաբար ազատ մահճակալների առկայությունը միջինում՝ 217։
«Եթե Հայաստանում կորոնավիրուսի դեպքերը հասնեն բնակչության թվով ճշգրտված այսօրվա Իտալիայի մակարդակին՝ Հայաստանում կլինի 595 հիվանդ։ Համաձայն վերջին առկա տվյալների՝ Չինաստանում հոսպիտալացման մակարդակը մոտ 15% է, Իտալիայում՝ մոտ 50%։ Եթե ենթադրենք Հայաստանում կլինի այս երկու ցուցանիշի միջինին մոտ թիվ, ապա դա նշանակելու է հոսպիտալացման ենթակա է լինելու մոտ 200 անձ», – նշվում է ընկերության Facebook–յան էջում։
EV Consulting–ի փորձագետների կարծիքով, սա նշանակում է, որ մենք մոտենալու ենք կրիտիկական կետին, եթե մահճակալների թիվը չավելացվի։ Ավելին, առավել կարևոր է լինելու ինտենսիվ թերապիայի հզորությունների առկայությունը։
«Անհրաժեշտ է կտրուկ քայլեր ձեռնարկել այս սցենարից խուսափելու համար ։ Բացի կանխարգելիչ միջոցառումներից, այդ քայլերը պետք է ներառեն կորոնավիրուսի բուժման հավելյալ կարողությունների ստեղծումը, մահճակալների ավելացումը, ինտենսիվ թերապիայի բաժանմունքների ավելացումը, կարանտինային գոտիների ընդլայնումը և այլն», – նշում են ընկերությունից։
Հայաստանում այս պահին գրանցվել է կորոնավիրուսի վարակման 8 դեպք։ Առաջինը գրանցվել էր մարտի 1–ի գիշերը, փետրվարի 28–ից Թեհրանից Երևան ժամանած ՀՀ 29–ամյա քաղաքացու կրկնակի թեստը տվել է դրական արդյունք։ 31 մարդ, ովքեր շփվել են հիվանդի հետ, մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։ Մարտի 11–ին կորոնավիրուս է ախտորոշվել ՀՀ երկու քաղաքացիների (45 և 27 տարեկան) և Իտալիայի 51–ամյա քաղաքացու մոտ, ովքեր վերադարձել են Իտալիայից։ Նրանցից մեկը ջերմում է և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, որի կապակցությամբ ստանում է ախտանշանային բուժում: Մեկուսացվել է 57 մարդ։ Այնուհետև մարտի 12-ին գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 2 դեպք: Այսօր` մարտի 13–ին, հայտնի դարձավ վարակման ևս 2 դեպքի մասին։
Մարտի 12–ի դրությամբ ընդհանուր առմամբ հայտնի է, որ 88 մարդ շփվել է վարակակիրների հետ։
Իրավիճակն աշխարհում
Վերջին տվյալներով, աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 136 հազարը։ Վարակը հայտնաբերվել է 117 երկրներում։ Չինաստանից դուրս կորոնավիրուսից մահացել է 1440 մարդ: SCMP –ի տվյալներով, կորոնավիրուսից ապաքինվել է 69 հազար մարդ։–0–