Հայաստանի խոշորագույն ԲԿ–ն արդիականացվում է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրապարակել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ–ի վերանորոգված վիրահատական սրահների լուսանկարները։
Նշենք, որ հիմա ԲԿ–ն վերապրոֆիլավորվել է և զբաղվում է կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ։
«Մեր առողջապահական համակարգի «լոկոմոտիվներից» մեկը՝ Առողջապահության նախարարության Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն արդիականացմանը զուգընթաց, մեր երկրի համար այս ծանր պահին իր վրա է վերցնում ամենամեծ բեռը», – նշել է նախարարը Facebook–յան իր էջում։
Ինչպես նշվում է ԲԿ–ի Facebook–յան էջում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում կապիտալ վերանորոգումից հետո ավարտին են մոտենում Կրծքային վիրաբուժության բաժանմունքի վիրահատարանի երկու սրահների կահավորման աշխատանքները:
«Ամիսներ առաջ սկսված վերանորոգումն ավարտված է, նորացված վիրահատարաներում մարդկային շատ կյանքեր դեռ կփրկվեն, իսկ այս պահին հերթը նոր կորոնավիրուսին հաղթելն է, ինչը և պատրաստվում ենք անել», – նշել են ԲԿ–ից։
Ապրիլի 4-ի դրությամբ՝ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակման 770 հաստատված դեպք։ Բուժվել է 43 մարդ, 7-ը, ցավոք, մահացել է։-0-
