Հանրային սննդի օբյեկտների մուտքի մոտ ջերմաչափում է իրականացվելու. փոխնախարար (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հանրային սննդի օբյեկտներում մուտքից առաջ բոլորը պետք է ջերմաչափվեն: Այսօր այս մասին հայկական միասնական տեղեկատվական հարթակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:
«Ում ջերմությունը նորմայից բարձր է լինելու, հրահանգված է, որ կանոններին համաձայն, սպասարկում չի իրականացվելու, իսկ մարդիկ, ովքեր բացահայտ ունենալու են այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են, բարձր ջերմություն, հարբուխ, հազ` չեն սպասարկվելու, առաջին հերթին, մուտք չի տրամադրվելու հանրային սննդի օբյեկտներ: Վերջիններիս վերաբերյալ տեղեկություն անհրաժեշտ է հաղորդել ԱՆ թեժ գծերին»,- նշել է Վարոսյանը:
Ընդ որում, նա ընդգծել է, որ սննդի օբյեկտներում սեղանների միջև հեռավորությունը պետք է լինի նվազագույնը 1,5 մետր:
Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։ Մայիսի 14-ին կառավարությունը կրկին երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ:
Հայաստանում մայիսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4044 դեպք, որոնցից 1666-ն` առողջացած, 52-ը` մահվան ելքով: -0-

